Հայաստանը պետք է փոխի կարկտի հետեւանքների դեմ պայքարի ռազմավարությունը. ԱԻՆ ղեկավար
Հայաստանը պետք է վերանայի կարկտի եւ նրա հետեւանքների դեմ պայքարի ռազմավարությունը։ Այս մասին ասել է ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը մամուլի ասուլիսում։
Նախարարի խոսքով՝ հանրապետությունում ավելի քան 500 հակակարկտային կայան կա եւ անցած տարի Ռուսաստանից գնված հակակարկտային հրթիռներ։ Հաշվի առնելով առկա միջոցների արդյունավետությունը՝ ԱԻՆ-ում փորձել են գտնել լավագույն լուծումը։ Ինչպես տեղեկացրել է Ցոլակյանը, այդ նպատակով հրավիրվել են լավագույն ֆիզիկոս մասնագետները։ Նրանց կարծիքով՝ կայանների ՕԳԳ-ն բարձր չէ, հրթիռների պարագայում՝ նույնպես, քանի որ չի հաջողվել լրացուցիչ լիցքեր գնել։
Պարզվել է, որ խնդիրները կապված են ոչ միայն զինանոցի, այլ նաեւ նրա հնարավորությունների հետ. «Մեզ մոտ կարկտաբեր ամպերը ձեւավորվում են հիմնականում Արմավիրում, Արարատում, Շիրակում, Արագածոտնում։ Ընդ որում՝ մոտ 50 տոկոսը բաժին է ընկնում Արմավիրին։ Այնտեղ է ԱԷԿ-ը, այսինքն՝ կրակել չի կարելի։ Ինձ ասում են, որ պայմանավորվածություն կա ՊՆ-ի եւ ՔԱԳՎ-ի հետ, եւ մենք կնախազգուշացվենք ինքնաթիռների թռիչքի մասին, բայց ինձ նման փաստարկները համոզիչ չեն թվում»։
ԱԻՆ-ը առաջարկում է ավելի շատ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության ապահովագրման եւ հակակարկտային ցանցերի օգտագործման վրա։ Իհարկե, ցանցերը չի կարելի օգտագործել ամենուրեք, ծառերի վրա։ Լավագույն միջոցը ապահովագրումն է։ Բայց այստեղ էլ կան խնդիրներ։ «Ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը։ Շատ երկրներում ակտիվորեն կիրառվում է ապահովագրումը, ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 95 տոկոս։ ՌԴ-ում վնասը փոխհատուցում են մարզերի բյուջեներից։ Մենք կարող ենք փոխառել այդ փորձը, բայց պետք է ուսումնասիրել, թե որքան կնստի դա բյուջեի վրա։ Համադրել կայանների եւ հրթիռների շահագործումը եւ վնասի փոխհատուցումը»,- առաջարկել է ԱԻՆ ղեկավարը։