Քաղաքական ուժերի մեջ շահերի բախում կա. Մարուքյանը խոստանում է անուններ հրապարակել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում իրանական ցեմենտի ներկրումների վրա տուրք սահմանելու հարցի քննարկումից հետո, հանդես գալով խմբակցության անունից, նշեց.
«Իրապես շատ կառուցողական, նախանձելի կառուցողական քննարկում է, որոշեցի իմ ներդրումն ունենալ ու ասել, որ նաև մեր խմբակցությունում բուռն քննարկումներ ենք ունեցել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ու ինչ պետք է անենք, որ կողմն է ճիշտ, որը` սխալ, ում է օգուտ՝ ժողովրդի՞ն, բիզնե՞սին»:
Մարուքյանն ասաց, որ իրենք երեք կողմ են բացահայտել այս հարցի քննարկման ժամանակ. առաջինը ՀՀ կառավարությունն է, որ բերել է նախագիծ ու ասում է՝ եկեք, ցեմենտի ներմուծման վրա տուրք սահմանենք, կողմ երկրորդ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերներն ասում են՝ եթե ցեմենտի վրա տուրք եք սահմանում, բայց կլինկերի վրա չեք սահմանում, ապա դա անիմաստ է, կողմ երրորդ՝ «Իմ քայլ»-ի գործընկերներն էլ ասում են՝ կլինկերի վրա տուրք պետք է չսահմանվի, իսկ ցեմենտի վրա լավ չի, որ սահմանվի, բայց «ֆսյո-տակի», որ կառավարությունն ասել է, որ պետք է սահմանվի, ուրեմն այդպես պետք է արվի:
Պատգամավորը նշեց՝ կա նաև չորրորդ կողմը՝ իրենց խմբակցությունը, որ ուզում է հասկանալ՝ սա ի՞նչ խոսակցություն է:
«Պետք է հասկանալ՝ ինչ անել: Մենք ուզում ենք ասել՝ հիմա ցեմենտն իր տեղը, կլինկերը՝ իր, բիզնեսը՝ իր, բայց մենք խորհրդարանի այս դահլիճում հստակ տեսնում ենք քաղաքական ուժերի մեջ շահերի բախում կա»,- ասաց նա՝ հայտնելով, որ իրենք անուններ կճշտեն, կհրապարակեն:
Մարուքյանը կոչ արեց բացահայտել այդ շահերի բախումն ու հայտարարությամբ հանդես գալ, քանի որ իրենք ուսումնասիրում են ու հայտարարելու են այդ անունները: Նա ասաց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու, առաջարկում է մեծ քննարկում՝ առանց այս օրենքի: