Անբարենպաստ եղանակի պատճառով փոսային նորոգման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկած փոսային նորոգման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ պատճառը վերջին օրերի տեղումնառատ եղանակն է, որի պայմաններում հնարավոր չէ աշխատանքի անհրաժեշտ որակ ապահովել։
«Ասֆալտբետոնի խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին, քանի որ անձրևի կամ ձյան դեպքում հնարավոր չէ պահպանել այն չափորոշիչները՝ խառնուրդի համապատասխան ջերմաստիճանը, խտացումն ու կպչողականությունը, որոնք անհրաժեշտ են որակով նորոգում
կատարելու համար», - ասված է հաղորդագրությունում:
Մի շարք տարածաշրջաններում, որտեղ այս օրերին ձյուն է տեղում, կատարվում են նաև ձնամաքրման և ճանապարհների մշակման աշխատանքներ։
Եղանակի բարելավումից հետո փոսային նորոգման աշխատանքները անմիջապես կվերսկսվեն։