Մակրոնը պատվո մեդալներ է շնորհել Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներ է հանձնել հրշեջներին, որոնք քաջություն են ցուցաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարելիս, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով BFM-ին։
Նրա տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահը հինգշաբթի ընդունել է հրշեջ ծառայության 270 աշխատակցի Ելիսեյան պալատում։ Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հրդեհի դեմ պայքարին մասնակցել է մոտ 400 հրշեջ։
Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան, այն լիովին հանգցվել է հաջորդ օրվա առավոտյան։ Նախնական տվյալներով՝ հրդեհն սկսվել էր նորոգման աշխատանքների ընթացքում։ Կրակը ոչնչացրել է սրածայր աշտարակի վերին մասը, ժամացույցն ու տանիքի մեծ մասը։ Ֆրանսիական իշխանությունները եւ գործարարները արդեն խոստացել են հարյուր միլիոնավոր եվրոներ հատկացնել Փարիզի գլխավոր խորհրդանիշներից մեկի վերականգնման համար։