Երբ գրականությունը հաղթում է քաղաքականությանը
Հրատարակչություն էի գնացել՝ Հայաստանում իր տեսակի մեջ եզակի գրքերի հետ ծանոթանալու:
Պատին կախված Արշիլ Գորկու «Նկարիչը և նրա մայրը» նկարը գրավեց ուշադրությունս, երևի էլի երկար կզմայլվեի, երբ տնօրեն Վահագն Իսոյանը միջամտեց.
-Արշիլ Գորկի:
-Գիտեմ,-ժպտացի:
-Նկարիչ Վլադիմիր Սահակյանի ձեռքի գործն է: Նկարի պատմությունը գիտե՞ք,- առանց պատասխանի սպասելու շարունակեց.- Գորկու դիմանկարներում և մասնավորապես այս մեկում ակնհայտ է դեպի աբստրակցիա ուղղվածությունը: Նա ամեն կերպ փորձել է խուսափել ձեռքերը պատկերելուց: Նա չի կարողացել մոր ձեռքերը «բաց» պատկերել, քանի որ նրանց մեջ էր խտացրել ապրված օրերի ողջ ցավն ու տանջանքները: Որպեսզի ծածկի տանջանքները, Գորկին օգնության է դիմել աբստրակտ ձևերին:
Մոռացած դեպի հրատարակչություն այցս, մի քիչ տարված Գորկիով, բռնվում ենք զրույցի.
-Ինչպե՞ս ստացվեց, որ ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ավարտած Վահագն Իսոյանը քաղաքականությամբ չի հետաքրքրվում և իրեն նվիրել է գրքերի աշխարհին:
- -Ուսանողական տարիներին պարբերաբար այցելում էի հորս, գրականագետ Ալբերտ Իսոյանին, ով 1991 թվականին հիմնել է «Հայագիտակ» հրատարակչությունը, անընդհատ այցերիս ընթացքում տեսնելով, թե ինչ հայանպաստ գործունեությամբ է զբաղվում հայրս, տարվեցի դրանով, և գրականության աշխարհն ինձ կլանեց:
Հայրս, լինելով իսկական գրքասեր, կարելի է ասել ողջ կյանքը նվիրել է գրքին, և տարիներ շարունակ ուսումնասիրել, հավաքել է տարբեր նյութեր, հղացել է բազմաթիվ հետաքրքիր գաղափարներ՝ ստեղծելու, կյանքի կոչելու գրքերի յուրահատուկ ժողովածուներ: Նա իրեն ողջ կյանքում համարել է ընթերցող: 21 տարի «Գրքերի աշխարհ» թերթի խմբագրությունում աշխատելու տարիներին հայրս հավաքել էր մեծ քանակությամբ նյութ՝ հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ նշանավոր օտարերկրացիների հոդվածներ, ելույթներ, զեկուցագրեր… որ հետագայում դարձավ «Սև գիրք» ժողովածուն: «Սև գիրք»-ը հրատարակելու գաղափարը նպատակային էր, որպես հակադրում թուրքերի «Սպիտակ գրքի», որը ցեղասպանության հերքման մասին է:
Գիրքը լույս է տեսել չորս լեզուներով և աշխարհին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հայերի ցեղասպանության պատմությանը նշանավոր օտարերկրացիների ՛՛բերանով՛՛:
Գրքի շնորհանդեսին ներկա էր նաև թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զարաքօլուն: Նրան նվիրեցինքգրքի թուրքերեն թարգմանության 100 օրինակ, ինքն էլ իր հերթին խոստացավ գրքերը տարածել Թուրքիայում:
Վահագնը պատմում է, իսկ ուշադրությունս գրադարակում շարված քարե կազմով գրքերն են:
Ո՞ւմ մտահղացումն էր, որ գրքերի կազմը պատրաստել քարից:
-Հայրս իր առաջ նպատակ էր դրել ոչ միայն զբաղվել սովորական հրատարակչությամբ, այլ տպագրել հայ մեծերի ստեղծագործությունները՝ գրքերին տալով նաև յուրահատուկ ոճ: Գիրքն աշխարհին ներկայանալի դարձնելու համար որոշվեց, որ կազմը պետք է լինի հենց Հայկական լեռնաշխարհի քարերով (սկզբնական շրջանում հիմնականում վանակատ /օբսիդիան/): Այդպես, 1997թվականին ստեղծվեց առաջին վանակատ քարե կազմով գիրքը՝ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն:
Հետագայում սկսեցինք օգտագործել հայկական օնիքս, իսկ ավելի ուշ նաև այլ երկրներից ներմուծված մարմար և ագաթ:
- Ամենամեծ պահանջարկը ո՞ր գրքերն ունեն ձեզ մոտ:
-Հորս`Ալբերտ Իսոյանի կազմած «Սև գիրք»-ը, որը ներկայացրի քիչ առաջ, նրա հեղինակած «Երկիր դրախտավայր»-ը, որն իր մեջ ամփոփում է մոտ երեք հարյուր նշանավոր հեղինակների բնութագրումներ հայերի և Հայաստանի մասին, Հովհաննես Թումանյանի ընտրանին, որ հայրս կազմել է Հրանտ Մաթևոսյանի հետ միասին, Չարենցի «Վերջին խոսք», ինչպես նաև Վահան Տերյանի ընտրանին և էլի մի շարք գրքեր:
-Որտե՞ղից կարելի է ձեռք բերել ձեր գրքերը:
- Հայագիտակ հրատարակչությունից և Երևանի մի շարք գրախանութներից:
Խոսակցությունը դեռ կերկարեր, եթե ներս չմտներ հերթական պատվիրատուն, ու Վահագնը չբռնվեր նրա հետ զրույցի….
Իսկ ես, …. գրքերի թերթերի թարմ բույրը խառնելով Հայկական լեռնաշխարհի քարերի բույրին, քայլերս ուղղեցի դեպի դուրս….