Ներկրվող ցեմենտի համար տուրքի սահմանումը բերելու է շինարարության որակի նվազեցման և կառուցապատման գնի բարձրացման․ կառուցապատողներ
Կառուցապատող ընկերությունների ղեկավարների խոսքով՝ ներկրվող ցեմենտի 1 տոննայի համար 22 հազար տուրքի սահմանումը բերելու է շինարարության որակի նվազեցման և կառուցապատման՝ անշարժ գույքի գնի բարձրացման։
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնի նախաձեռնությամբ ցեմենտի օրինագծի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանը «Առնի Թրեյդ» ընկերության ղեկավար Արամ Խաչատրյանը նշեց, որ ներկրվող իրանական ցեմենտը վաճառվում է ավելի էժան և որակյալ։
«Վերջերս ակտիվացել է տեղական արտադրողների լոբբինգն այն առումով, որ իրենք ոչ հավասար պայմաններում են հայտնվում, ինչը ճիշտ չէ։ Ճիշտ հակառակն է։ Նախորդ տարի եղել է 25 տոկոս ներմուծում, 75 տոկոսը արտադրվել է ներքին արտադրողների կողմից։ Ներքին արտադրողների ծավալներն ավելացել են համեմատած 2015, 2016 թթ․-ի։ Տեղական արտադրողներն ասում են՝ 35-36 հազար դրամ է ինքնարժեքը, որն իրականությանը չի համապատասխանում։ Եթե ուսումնասիրվի, կպարզվի, որ ներքին արտադրողի արտադրանքի ինքնարժեքը չի գերազանցում 17-18 հազար դրամ։ Ներքին արտադրողները տարիներ շարունակ գերշահույթ են ստացել, հիմա որ 10 հազար դրամով իջեցվել է, նորից տեղ ունեն»,- ասաց Արամ Խաչատրյանը։
«Իսթեյթ Ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» կառուցապատող ընկերության ներկայացուցիչ Արմեն Սաքապետոյանն էլ ընդգծեց, որ տուրքի ուժի մեջ մտնելուց հետո շինարարական կազմակերպությունները խնդիր են դնելու կառուցապատման արժեքի բարձրացման։ Ըստ նրա՝ ներկրվող ցեմենտի համար տուրքի սահմանումը նաև նվազեցնելու է կառուցապատման ոլորտում ներդրումներ կատարելու գրավչությունը։
«Մենք ունենք տեղական արտադրություն, որը ժամանակին վաճառվում էր 50 հազար դրամ, այսօր 40 հազար դրամ և ունենք այլընտրանքը՝ ներմուծվող ցեմենտը։ Իրականում իրանական ցեմենտը եղել է ավելի մատչելի և որակյալ։ Իրանական ցեմենտի գինը միշտ եղել է զսպող գործիք տեղական շուկայում արտադրողների համար, այսինքն, հանդիսացել է մրցակից։ 22 հազար դրամ տուրք սահմանելու դեպքում, նմանատիպ եղանակով ցեմենտի գինը բարձրացնելը ուղղակի փակելու է մրցակցության ապահովման վերջին լուսամուտը»,- նշեց նա։
Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների կարծիքով՝ տեղական արտադրողներին պետք է խրախուսել, բայց դա չպետք է իրականացվի ներմուծման տուրք սահմանելու հաշվին։
«Անշուշտ, պետք է պաշտպանել տեղական արտադրողներին, բայց չպաշտպանել նրա անորակ արտադրանքը։ Իրանական ցեմենտի համար արդեն բնական խոչընդոտներ կան, Մեղրիից մինչև Երևան հասնելուց մոտավորապես ցեմենտի մեկ տոննան արդեն 15-19 հազար դրամ թանկանում է և օգնում է տեղական արտադրողներին։ Մի հատ էլ պետական տուրք սահմանել 22 հազար դրամ, ուղղակի թաղելու է ցանկացած ներմուծում։ Միանշանակ պետք է շատ խորը ուսումնասիրվի այս որոշումը»,- ասաց «Արտ Քոմփընի» կառուցապատող ընկերության տնօրեն Վահե Պետրոսյանը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ի սկզբանե մշակվել է՝ հիմք ընդունելով տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը։
Մանրամասները՝ tert.am- ում