ԱԱԾ–ն միայն ապահովում է Միհրան Պողոսյանի տան խուզարկությունների անցկացման բնականոն ընթացքը
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միայն ապահովում են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկությունների անցկացման բնականոն ընթացքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։
«Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործի շրջանակում նրա առանձնատանն ու գրասենյակում խուզարկություններն իրականացվում են Հատուկ քննչական ծառայության կողմից: ԱԱԾ–ն միայն ապահովում է խուզարկությունների անցկացման բնականոն ընթացքը»,–նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները խուզարկություն են կատարում ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատանը։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ: Դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: