Բաղրամյան 26-ում և կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար 63 մլն 400 հազար դրամ կծախսվի
ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքում, որը ՀՀ վարչապետի նստավայրն է, կիրականացվեն ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարությունն ընդունեց որոշումներ, որոնցով նախատեսվում են վերաբաշխումներ՝ նշված աշխատանքներն իրականացնելու համար:
Ըստ հիմնավորման, 2019 թվականի պետական բյուջեով կառավարության շենքի վերանորոգման համար հատկացված միջոցներ չկան: Բայց անհրաժեշտ է 63 մլն 400 000 դրամ։
Որոշմամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող այլ ծրագրերով նախատեսված միջոցներում և վերաբաշխել հանրային կարծիքի ուսումնասիրության, կառավարության գործունեության գնահատականների՝ կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտությունների, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, ծառայությունների, ծրագրերի համակարգման, վարչապետի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության միջոցառումների ծրագրերի համար բյուջեով հատկացված գումարները։
Բաղրամյան 26-ում նորոգման ծախսերը կազմում են 40 մլն դրամ, որն առաջարկվում է ուղղել համապատասխան հոդվածներին` «Այլ ծախսեր» հոդվածից նվազեցում կատարելու միջոցով: