«Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը». Մարուքյանը «Իմ քայլին» (Տեսանյութ)
Դուք ձեր ելույթում նշել եք բոլոր այն արատավոր հանգամանքները, որ եղել են նախկինում, բայց այս նախագծով դուք չեք փոխել դրանք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ-ում Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պտագամավոր Վահագն Հովակիմյանին:
«Հայտնի է, որ այս պետական կառավարման համակարգն անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում: Ասվել է, որ Սերժ Սարգսյանի կոստյումն է, սուպերվարչապետական համակարգ է: Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք հետեւյալը»,-ասա ասելով, Մարուքյանը հագից հանեց կոստյումը եւ սկսեց ցույց տալ կոճակները՝ նշելով. «Հիմա դուք ասում եք, այ էս կոճակները հանում եք, մեկ էլ այստեղից երկու կոճակ, եւ ասում եք՝ արդեն սա լավ կոստյում է: Այն կոստյումը, որ կարվել էր, չի փոխվել եւ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ: Մեզ ասում եք՝ կասկածներ չունենաք: Մենք կասկածներ ոչ թե ունենք, այլ ձեզ ասում ենք՝ ինչու վարչապետի խոստումը չեք կատարել այս նախագծով:
Ինձ վարչապետն այս ամբիոնից ասել է, որ մենք գտնում ենք, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը դառնալու են նախարարություններ եւ մտնելու են կառավարության կառուցվածք»,-ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստանը» նախագիծ է ներկայացրել, որ Հայաստանն ունենա 14 նախարարություն, որի կազմում նաեւ Ազգային անվտանգության նախարարություն, Ներքին գործերի նախարարություն, որի մեջ միավորվում է ԱԻՆ-ը, պահպանում են մշակույթի նախարարությունը, գյուղատնտեսության նախարարությունը, բացի այդ, Ֆինանսների նախարարության կազմում է ընդգրկվում ՊԵԿ-ը: Բացի այդ, ԼՀԿ-ն առաջարկում է, որ Սփյուռքի հարցերով գրասենյակը համակարգի փոխնախարարը, այսինքն կառավարությունն ունենա երեք փոխվարչապետ:
Մարուքյանի խոսքով, իրենց առաջարկած տարբերակով բոլոր կառույցները ներառված են կառավարության մեջ եւ խորհրդարանի վերահսկողության ներքո են:
«Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարգն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, հենց գիտեք թե բան եք փոխել: Վարչապետը մնացել է ոստիկանության պետը, ԱԱԾ-ի պետը, ՊԵԿ-ի պետը: Չկա միջանկյալ օղակ, որը պատասխանատվություն կկրի նշված մարմինների համար»,-ասաց Մարուքյանը:
Նա գետնից վերցրեց իր հետ բերած պաստառները, որտեղ մեկում ներկայացված է իշխանության առաջարկած կառավարության կառուցվածքը, մյոսւում ԼՀԿ-ի առաջարկածը:
«Սա քաոս է, խայտառակ համակարգ է, սա չի երկարելու, դուք հետ եք գալու այն փոխելու, բայց ուշ է լինելու: Հիմա ասեք՝ ինչու Նիկոլ Փաշինյանի խոստումը չեք կատարում եւ ինչն է պատճառը, որ հեղափոխությունից մեկ տարի անց չեք կողմնորոշվում, թե ինչպես կառավարման համակարգը դարձնել բաց, ժողովրդավարական եւ հաշվետու: Ինչու եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել: Ո՞ւմ է պատիվ բերում այդ կոստյումը»,-ընդգծեց նա: