Եթե հրդեհը շարունակվեր ևս 15-30 րոպե, Փարիզի Աստվածամոր տաճարն ամբողջովին կավերվեր
Այս թեմայով
- Ֆրանսիայում ասել են, որ Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի
- Ճարտարապետները 7 տարբերակ են առաջարկել Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար
- Ինչպես է Աստվածամոր տաճարի տանիքում անհայտ անձը կրակ վառում․ (տեսանյութ)
- Փարիզի Աստվածամոր տաճարի մեղուները հրդեհից չեն վնասվել
Եթե ֆրանսիացի հրշեջներին ևս 15-30 րոպե չհաջողվեր մարել Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհը, ապա կարևոր պատմամշակութային կոթողն ամբողջությամբ կավերվեր: Ինչպես նշում է The Guardian-ը, նման հայտարարությամբ են հանդես եկել Ֆրանսիայի իշխանությունները:
Նրանք ընդգծել են, որ Փարիզի հրշեջ ծառայության աշխատակիցների անձնուրաց աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել խուսափել մեծ աղետից:
Նշվում է, որ հրշեջները, վտանգելով սեփական կյանքը, թույլ չեն տվել կրակին հասնել զանգերի աշտարակներին: Նրանք ջրային պատնեշ են ստեղծել մոլեգնող հրդեհի և տաճարի արևմտյան հատվածում գտնվող երկու աշտարակի միջև: Ընդհանուր առմամբ, ավելի քան 500 հրշեջներից 15 ժամ է պահանջվել կրակն ամբողջությամբ մարելու համար:
Ըստ փորձագետների՝ տաճարի ապագան դեռևս անորոշ է:
Պարբերականը մանրամասնում է, որ պատմական տաճարի վերակառուցման համար ֆրանսիացի մեծահարուստների և խոշոր ընկերությունների ջանքերով արդեն հավաքվել է ավելի քան 650 մլն եվրո: Դրամահավաք հայտարարած նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է վերակառուցումն ավարտել առաջիկա հինգ տարում:
«Աստվածամոր տաճարի հրդեհը մեզ հիշեցնում է, որ մեր պատմությունը երբեք կանգ չի առնում, և մենք միշտ էլ հաղթահարելու ենք մեր առջև կանգնած մարտահրավերները: Մենք կվերակառուցենք Աստվածամոր տաճարը, և այն կլինի նախկինից է՛լ ավելի գեղեցիկ: Ցանկանում եմ, որ դա արվի առաջիկա հինգ տարվա ընթացքում: Մենք կարող ենք դա անել»,-ասել է Մակրոնը:
Հիշեցնենք, որ կրակը բռնկվել էր ապրիլի 15-ի երեկոյան՝ 93 մ բարձրությամբ սայրաձողի հիմքում, ինչից հետո հրդեհն արագորեն տարածվել էր փայտաշեն տանիքով: