Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մե՞ջ ենք. Փաշինյանը #sutNikol ակցիայի մասին (տեսանյութ)
Ես ուզում եմ հասկանալ՝ ավարտվե՞լ է ինչ-որ բան: Նկատի ունեմ՝ հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմի մե՞ջ ենք, որտեղ գրվել է՝ ֆիլմի վերջը և էկրանը մգացել է, որ ասում են չի բացահայտվում: Ի՞նչը չի բացահայտվել: Լրագրողների հետ այսօրվա զրույցում նման հարցադրում արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր նրա դեմ առաջին անգամ ակցիա, ֆլեշմոբ է իրականացվել #sutNikol հեշթեգով և որ իրեն մեղադրում են նրանում, որ Ալեքսանդր Սարգսյանի 50 տոկոսները չեն վերադարձվել ժողովրդին:
Փաշինյանն, անդրադառնալով Ալեքսանդր Սարգսյանի՝ Հայաստանից դուրս գտնվելուն, ասաց. «Քրեական գործ է հարուցված, մեղադրանք է առաջադրված: Քննիչը հնարավորություն է տվել, որպեսզի մեղադրյալը հանրապետությունից դուրս գա ինչ-ինչ նկատառումներով: Այդ որոշումը ես չեմ կայացրել, և եթե պարզվի, որ այդ որոշումը սխալ է դատավարական առումով, այդ թույլտվությունը տված անձինք խստագույնս կպատժվեն»:
Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ իրենց խնդիրն այն չէ, որ մարդկանց քառատեն: «Ես ուրիշ հանգամանքի մասին եմ բազմիցս նշել, որ մեր քննչական մարմիններն աշխատում են քառակի ծանրաբեռնվածությամբ և նաև ասել եմ, որ ինքս էլ որոշակի վերապահում ունեմ կոռուպցիայի դեմ պայքարում մեր իրավապահ մարմինների էֆեկտիվության վերաբերյալ»,- նշեց նա և հավելեց՝ որքանով հասկացել է այդ ակցիայի կազմակերպիչները նաև Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են:
«Հիմա, ասենք, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցներ մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել, Սաշիկ Սարգսյանի կողմնակիցները մեզ մեղադրում են, որ էս չենք արել, էն չենք արել: Ես խոսք եմ տալիս՝ ոչ ոք թող չնյարդայնանա, բոլորի պատասխանատվության պահը կգա, նրանք ովքեր ՀՀ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթակա արարք են թույլ տվել, նրանց հերթը կգա»,- նշեց նա:
Վարչապետն առաջարկեց էքսպերիմենտ անել՝ վերցնել հեղափոխության ընթացքում իր կողմից տված բոլոր խոստումները, կետ-կետ գույքագրել: «Որովհետև դա շատ տեսական խոսակցություն է, այդ ո՞ր խոստումը չի կատարվել»,- հարցրեց նա:
Դիտարկմանը՝ թե խոսքը արագաչափերի, կարմիր գծերի մասին է, Փաշինյանը պատասխանեց. «Ես կարմիր գծերի վերաբերյալ բան չեմ ասել, իսկ արագաչափերի վերաբերյալ ԱԺ-ում էլ ասացի՝ մի կողմից մեզ ասում են՝ ոչ ոքի չեք լսում, մյուս կողմից մեզ ասում են՝ ձեր խոստումները չեք կատարում»: