Եվրամիությանը կոչ են արել հրաժարվել ԱՄՆ-ի՝ մերձարևելյան խաղաղության ցանկացած ծրագրից, որն անազնիվ կլինի պաղեստինցիների նկատմամբ
Եվրամիության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում վարած միակողմանի քաղաքականությունն ու Եվրոպային ուղղված նամակում կոչ արել մերժել ԱՄՆ-ի՝ մերձարևելյան խաղաղության ծրագրի վերաբերյալ ցանկացած առաջարկ, որն անազնիվ կլինի պաղեստինցիների նկատմամբ:
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականին, ԵՄ, ինչպես նաև եվրոպական երկրների կառավարություններին ուղարկված նամակը ստորագրել է եվրոպացի նախկին 25 արտգործնախարար, 6 վարչապետ, ՆԱՏՕ-ի 2 նախկին գլխավոր քարտուղար:
«Ժամանակն է, որ Եվրոպան կանգնի Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հաստատման սկզբունքային չափորոշիչների կողքին: Հարցին պետք է երկու երկրների շահերից բխող լուծում տրվի: Եվրոպան պետք է մերժի ցանկացած ծրագիր, որն Իսրայելի կողքին չի ենթադրում Պաղեստին պետության հիմնումն ու Երուսաղեմը որպես երկու պետությունների մայրաքաղաք ճանաչումը: Ցավոք, ԱՄՆ գործող վարչակազմը հրաժարվել է այս հարցում երկրի՝ երկար տարիներ վարած քաղաքականությունից»,-ասվում է նամակում:
Նամակի հեղինակները քննադատել են Դոնալդ Թրամփի՝ 2017թ. Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը՝ նրան մեղադրելով միայն մի կողմի շահերը հաշվի առնելու համար: Բացի այդ, նախկին պաշտոնյաները ԱՄՆ նախագահին քննադատել են այն անտարբերության համար, որով նա վերաբերվում է շրջափակման մեջ գտնվող Արևմտյան ափին Իսրայելի տարածքային էքսպանսիային: Նրանք նաև բացասական են գնահատել Թրամփի՝ պաղեստինցիներին հարյուր միլիոնավոր դոլարների օգնությունից զրկելու որոշումը:
Նամակն ուղարկվել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին և ԵՄ արտգործնախարարներին:
Նշվում է, որ Թրամփը նախագահ դառնալուց հետո ջերմացրել է հարաբերություններն Իսրայելի հետ՝ դրան զուգահեռ պատժիչ քայլեր ձեռնարկելով ընդդեմ Պաղեստինի:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը խոստացել էր «վերջնական ծրագիր» ներկայացնել իսրայելցիների ու պաղեստինցիների համար՝ չնայած, որ Պաղեստինի իշխանությունները նախապես մերժել են այն՝ պատճառաբանելով, որ այն կողմնակալ ծրագիր է լինելու:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կտրականապես դեմ է Պաղեստինի անկախ պետության ստեղծմանը:
Հատկանշական է, որ ծրագրի մշակումը Թրամփը հանձնարարել է իր փեսային՝ ծագումով հրեա Ջարեդ Քուշներին, և Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանին, որը Պաղեստինի տարածքներում իսրայելական բնակավայրերի ստեղծման կողմնակիցներից է:
Ֆրիդմանը հայտարարել էր, որ «Թրամփը երբևէ Սպիտակ տանը եղած նախագահներից Իսրայելի մեծագույն դաշնակիցն է»: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավելի վաղ տված հարցազրույցում չէր բացառել, որ «Թրամփին Աստված է ուղարկել հրեա ժողորդին փրկելու համար»: