Քաղաքացու օրն առաջինը նշեցին Զարթոնքում
Հայաստանի հպարտ, կամ շատ հպարտ, կամ դուխով, կամ հեղափոխական, կամ սպիտակ քաղաքացիները, ի տարբերություն համեստների, դուխ չունեցողների, հակահեղափոխականների եւ սեւրի, որոնք պատրաստվում են տարվա վերջին խաշն ուտել, պատրաստվում են նշել Քաղաքացու օրը:
Ոմանք պատրաստվում են, իսկ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում որոշեցին չսպասել ապրիլի վերջին շաբաթ օրվան եւ արդեն իսկ նշեցին հպարտ քաղաքացու օրը: Նշեցին կրակոցներով, նշեցին հիվանդանոց ուղարկված հինգ վիրավորով:
Գյուղապետի թոռը որոշեց զենքից կրակ բացել ժողովրդի վրա եւ այդպես նշել տոնը, իսկ մյուսները այդ տոնը նշեցին նստելով Հայաստանի միակ երկաթուղագծի վրա:
Հրաշալի ժամանակներ են, պոետների երազած ժամանակներ: Ինչքան հպարտ քաղաքացի ասես, որ չկա: Իսկ Զարթոնքը հաստատ կստանա հպարտ քաղաքացու փոխանցիկ դրոշը եւ մինչեւ հաջորդ տարի այն կծածանվի Զարթոնքի համայնքապետարանում:
Հակոբ Ասատրյան
Top-News.am