Հայկական խաչ, դրոշ ու գերբ. հայտնի արտասահմանցիներ, որոնք հանրության առաջ հայտնվել են հայկական խորհրդանշաններով
Հայկական ազգային խորհրդանշաններն արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներին հաճախ օգնում են չհեռանալ իրենց արմատներից և ցույց տալ իրենց հայկական ծագումը:
Եղել են դեպքեր, երբ հայկական խորհրդանշաններով հանրության առաջ ներկայացել են նաև արտասահմանցի հայտնի մարդիկ: Այս մասին գրելով՝ Rusarminfo-ն վերհիշել է նրանցից մի քանիսին:
Վալերի Բուայե
2016 թվականին ֆրանսիացի քաղաքական գործիչ Վալերի Բուայեն հեռուստատեսային հաղորդումներից մեկին ներկայացել է հայկական խաչը պարանոցին գցած: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի հեղինակը խոստովանել է, որ իր համար հայկական խաչը հանուն արդարության պայքարի խորհրդանիշ է:
Քոնան Օ՛Բրայան
Ամերիկացի հանրահայտ հեռուստահաղորդավարը TBS ալիքով հեռարձակվող Conan հաղորդման թողարկումներից մեկի ժամանակ նկարահանվել է «Երևան» անգլերեն գրությամբ և արծվի նկարով վերնաշապիկով: Այն հաղորդավարին նվիրել էր իր օգնական Սոնա Մովսեսյանը: 2015-ին Օ՛Բրայանը ժամանել էր Հայաստան, որտեղ մի քանի ռեպորտաժ էր պատրաստել մեր երկրի մասին:
Բիլ Բելիչիկ
Ամերիկյան ֆուտբոլի «New England Patrions» թիմի գլխավոր մարզիչ Բիլ Բելիչիկը 2015 թվականի ապրիլի 23-ին խաղացողների և մյուս մարզիչների հետ միասին Սպիտակ տուն էր այցելել, որտեղ հանդիպել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Մարզչի պիջակին շատ լավ երևում էր փակցված հայկական դրոշը:
Soulja Boy
Ամերիկացի հայտնի ռեփ-կատարող Դե Անդրե Ուեյը, որն առավել հայտնի է Soulja Boy բեմական կեղծանվամբ, լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում սպորտային հագուստով, որի վրա պատկերված էր Հայաստանի գերբը:
Ֆաբիո Բորինի
Վերջերս իտալական «Միլան» ակումբի ֆուտբոլիստ Ֆաբիո Բորինիի կինը սոցցանցում հրապարակել էր ամուսնու լուսանկարը՝ հայկական դրոշի և Արարատ լեռան պատկերով գլխարկով: