Չինաստանն արգելել է բուրկին Սինցզյան մուսուլմանական նահանգում
Չինաստանի իշխանությունները Սինցզյան- Ույգուրյան ինքնավար շրջանում, որտեղ տարածված է իսլամը, արգելել են կրել բուրկի՝ ավանդական մուսուլմանական հագուստ, որը ամբողջությամբ փակում է դեմքը։ Այս արգելքը բացատրել են անհանգիստ տարածաշրջանում ծայրահեղականության դեմ պայքարով, հայտնում է The Independent–ը։
Նոր կանոնները ուժի մեջ են մտնելու երկու օրից։ Օդանավակայաններում ու երկաթգծային կայաններում ծառայողները պարտավոր են լինելու կանանց իրազեկել բուրկի հագնելու արգելքի մասին։ Նաեւ արգելվում է պահել մորուք, որը բնորոշ չէ չինական մշակույթին։ Նահանգի որոշ շրջաններում այդ արգելքն արդեն գործում է, օրինակ բուրկիով կնոջը թույլ չեն տալիս օգտվել հանրային տրանսպորտից։
Ույգուրները , որոնց մեծամասնությունը մուսուլմաններ են, Չինաստանի բազմաթիվ ազգային փոքրամասնություններից մեկն են, որոնք կոմպակտ բնակվում են Սինցզյան – Ույգուրյան ինքնավար մարզում։ Ավելի քան 60 հազար ույգուր, որոնց լեզուն թուրքերենի հետ նույն ընտանիքին է պատկանում, ապրում են Թուրքիայի մի քանի շրջաններում։ Ըստ Չինաստանի իշխանությունների՝ Սինցզյան- Ույգուրյան ինքնավար մարզում գործում է «Արեւելյան Թուրքեստան» ահաբեկչական խմբավորումը, որին Պեկինը մեղադրում է երկիրը պառակտելու փորձերի մեջ։