Օրենքով թույլատրված է ֆեյք լինելը. Կարեն Քոչարյան
Օրենքով թույլատրված է ֆեյք լինելը, բայց օրենքով արգելված է ռասիստական կամ բռնության կոչեր անելը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Լինի վիրտուալ տարածքում, թե իրական կյանքում, լինի դա մամուլում թե եթերում, եթե մարդը ռասիստական կամ բռնության կոչեր է անում, որն արգելված է օրենքով, դրա դեմ իրավապահ մարմինները պետք է պայքարեն, անկախ նրանից՝ ֆեյք է, ֆեյք չէ»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, համացանցում կան տարբեր ֆեյք էջեր, որոնք ոչ մի հանցավոր բան չեն անում. «Ֆեյք կա, դնում է լցրած շուրթեր, դրա դեմ ինչը պայքարես»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ռասսայական, կրոնական եւ ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի հեղինակը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ կառավարության ապրիլի 4–ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր զբաղվել «ֆեյքերով»: