Եկե´ք և ծառայե´ք․ Փաշինյանը դիմեց բանակից խուսափած Սփյուռքում բնակվող երիտասարդներին (Տեսանյութ)
Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրին այն երիտասարդների մասին, որ խուսափել են բանակից, պատսպարվել են Սփյուռքում։ Վարչապետը պատասխանեց, որ Հայաստանում հետախուզվողների մեծ մասը հենց բանակից խուսափածներն են, և պետք է նուրբ լուծում գտնել, որ և՛ Սփյուռք գնացածների հարցը լուծի, և՛ չվիրավորի նրանց, ովքեր ժամանակին կատարել են իրենց պարտքը՝ ծառայելով բանակում։
Փաշինյանն ասաց, որ լավագույն լուծումը կլինի, որ Սփյուռքում ապաստանած այդ երիտասարդները վերադառնան ու ծառայեն։ Նա ասաց, որ հայրենիք ունենալը մեծ պատասխանատվությունը, և ինքը կուզենար, որ մարդիկ ստանձնեին այդ պատասխանատվությունը։
Վարչապետը օրինակ բերեց իր որդուն, որ ծառայում է Արցախի պաշտպանության բանակում։ Նա ասաց, որ պետք է հասնել նրան, որ մտածողությունը փոխվի, ոչ թե մարդիկ մտածեն բանակից խուսափելու մասին։
Հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի այն դիտարկմանը, որ տղաների մի մասը հենց Սփյուռքում է մեծացել, Փաշինյանը պատասխանեց, որ հայկական բանակում կան ծառայողներ, որոնք նույնիսկ հայերեն չեն հասկանում, այնպես որ մենթալիտետի տարբերությունը խոչընդոտ չէ ծառայության անցնելու համար։