Սեքս-սկանդալ Վրաստանում. hայտնի հաղորդավարը սիրահետել է լրագրողուհուն՝ պաշտոնը բարձրացնելու խոստոււմներով
Թբիլիսիի Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել քաղաքային դատարանի վճիռը՝ «Իմեդի» ՀԸ-ի սկանդալային հայտնի հեռուստահաղորդավար Շալվա Ռամիշվիլիին մեղավոր ճանաչելով երիտասարդ լրագրողուհի Տատիա Սամխարաձեի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:
Իմեդի ՀԸ-ի նախկին աշխատակցուհին 2016 թ-ից փորձում էր ապացուցել , որ Ռամիշվիլին, որը ժամանակին հաղորդավար էր և հեռուստառեժիսոր, առաջարկել էր սեռական հարաբերություններ՝ պաշտոնի բարձրացման դիմաց:
2018-ի հունվարին դատարանը հայցվորի կողմից ներկայացված ապացույցների հիման վրա Ռամիշիվլիին մեղավոր էր ճանաչել և պարտավորեցրել որպես բարոյական վնասի փոխհատուցում երկու հազար լարի (մոտ 750 դոլար) վճարել: Վերաքննիչ դատարանը վճիռը թողել էր անփոփոխ:
Գործի գլխավոր ապացույցը Ռամիշվիլիի կարճ տեքստային հաղորդագրություններն էին, ինչպես նաև զրույցի աուդիո ձայնագրությունը, որի իսկությունը դրանց հեղինակը կասկածի տակ էր դնում: Այնուամենայնիվ, դրանց իսկությունը հաստատել է դատական փորձաքննության ազգային բյուրոն:
«Ռամիշվիլին ստիպված էր փոխհատուցել բարոյական վնասը իմ օգտին: Գործը նախադեպային է Վրաստանի արդարադատության մեջ։ Սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի դատարանը սեռական ոտնձգության գործ է քննել: Հատկապես ուրախալի է , որ դատարանը որոշումը կայացրել է տուժողի շահերի օգտին»,- ասել է Սամխարաձեն: