Շնաձուկն անսպասելիորեն հարձակվել է տղամարդու
Կարմիր ծովում երկարաթև շնաձուկը ջրասուզակի վրա է հարձակվել։ Տեսագրությունը հրապարակել է The Mirror պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել 2018-ի հունիսին, սակայն տեսագրությունը միայն այժմ է հրապարակվել։ Տեսագրությունում երևում է՝ ինչպես է ավստրիացի Ալեքսանդր Քրաենքլը լողում դեպի նավից իջեցված ճոպանը՝ տախտակամած բարձրանալու համար։
Այդ պահին նրան մոտենում է շնաձուկը և կծում աջ ոտքը։
«Ես չհասկացա՝ ինչ տեղի ունեցավ։ Ես ներքև նայեցի և տեսա ինձանից հեռացող շնաձկանը։ Հետո նկատեցի, որ հագուստիցս ինչ-որ կանաչ հեղուկ է հոսում՝ ջրի տակ արյունն այդպիսի տեսք ունի»-հիշել է 51-ամյա տղամարդը։
Մոտակա նավից օգնության շտապած բժիշկը 50 կարով փակել է տղամարդու վերքը։