Մեդվեդեւը 4 հազ հեկտար արգելոցային հողատարածք է ստացել՝ 40 ռուբլով
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, վարձակալությամբ, 41մլն քմ հողատարածք է «ստացել» Պլյոսեում՝ տարեկան 39 ռուբլի 32 կոպեկ վարձավճարով։
Վարչապետի՝ Պլյոսեում որսորդական տնտեսության վերաբերյալ հրապարակումից հետո, պատգամավորական հարցում է ուղարկվել Իվանովո՝ ՌԴԿԿ–ի կողմից։ Զոբնինի շրջանի կառավարության ղեկավարի տեղակալի ստորագրությամբ պատասխանը պարզաբանել է, որ, ձեւականորեն, տնտեսության տարածքներին վերադարձվել է բնության հուշարձանի կարգավիճակը, սակայն տարածքը թողել են վարձակալի («Օրիոն» ֆիրմայի, որը առաջ «Դառ» հիմնադրամի կառավարող կազմակերպություն է կոչվել) օգտագործմանը։
Ավելի վաղ, իր հետաքննության մեջ, Ալեքսեյ Նավալնիի Հակակոռուպցիոն հիմնադրամը պնդել էր, որ հիմնադրամի ստեղծման հետ կապ ունեն վարչապետի կինը՝ Սվետլանա Մեդվեդեւան, նրա համակուրսեցին՝ Իլյա Ելիսեեւը եւ ձեռնարկատեր՝ Լեոնիդ Միխելսոնը։
Վարձակալը, ազնիվ աճուրդի արդյունքում, 49 տարով ստացել է 4108,49 հեկտար արգելոցային տարածք։ Ընդ որում, վարձակալման նախնական գինը կազմել է ծիծաղելի՝ տարեկան 39 ռուբլի 32 կոպեկ գումար՝ ամբողջ հողատարածքի համար։
Հարկ է նշել, որ Իվանովսկի շրջանում մեկ հեկտար հողատարածքի վաճառքի իրավունքի գինը՝ 49 տարվա համար, իրականում սկսվում է 2 միլիոն ռուբլուց։
«Այսինքն, լավագույն դեպքում, Մեդվեդեւի արգելոցային հողատարածքի վաճառքի իրավունքի նախնական գինը ոչ մի կերպ չի կարող 8 միլիարդից պակաս լինել, կամ տարեկան 165 միլիոն ռուբլի՝ առնվազն»,– գրում է «Սոբեսեդնիկը»։
«Սոբեսեդնիկի» սքրինշոթը
Ավելին, պարզվել է, որ երեք տարի առաջ, Իվանովսկի շրջանի ղեկավարությունը թույլատրել է «Օրիոնին» Պլյոսեի որսորդական տնտեսություն բերել 50 մարալ (այդ թվում 20 հասուն որձ)։ Կենդանիներին բերել են Ալթայի երկրամասից, նրանց համար հատուկ մեծավանդակ են կառուցել՝ 124 հեկտար տարածքով։
Մինչդեռ, գլխավոր դատախազությունը Պետդումայի պատգամավորից եւ ՌԴԿԿ կուսակցության անդամ Վալերի Ռաշկինից հարցում է ստացել. ստուգել այն տեղեկատվությունը, որն առկա է Ալեքսեյ Նավալնիի Հակակոռուպցիոն հիմնադրամի՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ իբր կապ ունեցող կառույցներին պատկանող՝ սեփականության վերաբերյալ հետաքննության մեջ։
Այս մասին հաղորդել է Ռուսաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ալեքսանդր Բուկսմանը։
«Այո, այդպիսի դիմում եղել է, նա դիմել է բոլոր ատյաններին»,– պարզաբանել է նա, նշելով, որ դիմումը վերջերս է ստացվել։ «Մենք պարտավոր ենք ուսումնասիրել»,– ընդգծել է Բուկսմանը։
Ավելի վաղ, Ռաշկինը ուժային կառույցների ղեկավարներին է դիմել խնդրանքով՝ ստուգել վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի «հնարավոր կոռուպցիոն գործունեության» վերաբերյալ տեղեկությունները։ Այս մասին նա հաղորդել է իր Twitter-ի էջում։ Նա նաեւ հրապարակել է Անվտանգության դաշնային ծառայությանը, ՆԳՆ–ին եւ Գլխավոր դատախազությանը ուղղված պատգամավորական հարցման պատճենը։
Պատգամավորական հարցումը ուղարկվել է ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւին, գլխավոր դատախազ՝ Յուրի Չայկային։