Մամեդյարովը հայտարարել է Մոսկվայում ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորության մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մոտ ապագայում (արդեն պայմանավորվել ենք), կհայտարարվի Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եւ համանախագահների մակարդակով հանդիպման մասին: Կարծում եմ, Սերգեյ Վիկտորովիչը (Լավրով-խմբ.) նույնպես կմասնակցի», - ասել է նա:
Նա մատնանշել է հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: «Ընդհանուր ըմբռնումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ տեղաշարժեր են պետք, այլ կերպ արդեն անհնար է», - ասել է նախարարը: Ըստ Մամեդյարովի՝ նախօրեին Մոսկվայում (ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից) իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նա քննարկել է ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ հակամարտության կարգավորումը: