Առաջին մասնավոր «լուսնագնացը» բարեհաջող կերպով հասել է Լուսնի ուղեծիր
Իսրայելական «Բերեշիթ» մասնավոր լուսնագնացը հաջողությամբ գործարկել է շարժիչները, «պոկվել» Երկրի ձգողականությունից և մտել մերձլուսնային ուղեծիր: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել են առաքելության անդամները:
«Կարծես թե, «Բերեշիթը» հաջողությամբ հասել է Լուսնի ուղեծիր, շարժիչը կատարելապես իրականացրել է գործարկումը՝ սարքի շարժման արագությունը փոխելով 323 մետր/վայրկյանով», -իր թվիթերյան էջում գրել է աստղագետ Ջոնաթան Մաքդաուելը:
Իսրայելական «Բերեշիթ» սարքը հաջողությամբ տիեզերք է ուղարկվել այս տարվա փետրվարին Falcon 9 հրթիռով: Այն իսկզբանե ստեղծվել էր Lunar XPrize մրցույթին մասնակցելու համար, որի շրջանակներում տիեզերագնացության անհատ սիրահարները պետք է լիարժեք լուսնագնաց ստեղծեին և այն ուղարկեին դեպի Երկրի արբանյակ:
Այսօր այն կատարել է առաջին մեծ քայլն իր առաջադրանքի կատարման ուղղությամբ: Այժմ այն պտտվում է Լուսնի շուրջ՝ հեռանալով և մոտենալով դրա մակերեսին:
Ըստ առկա տվյալների՝ այն կկարողանա վայրէջք կատարել ապրիլի 11-ին՝ Տիեզերագնացության միջազգային օրվան ընդառաջ: