Իրանում արգելել են կարտոֆիլի ու սոխի արտահանումը
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
Իրանի նահանգների մեծ մասում ավերածությունների պատճառ դարձած հեղեղներից հետո երկրի իշխանություններն արգելել են Իրանից կարտոֆիլի ու սոխի արտահանումը։ Այդ արգելքը կարող է ձգվել մինչև այս տարվա ամառ-աշուն։ Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները։
Պատճառն այն է, որ հեղեղները զգալի վնաս են հասցրել երկրի գյուղատնտեսությանը․ հեղեղների պատճառով վնասներ կրած առնվազն 24 նահանգներից 12-ում արդեն հաշվել են տնտեսական կորուստները՝ ավելի քան 1 միլիարդ դոլար։ Այս պայմաններում երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ կարտոֆիլի ու սոխի արտահանումը կարող է երկրում այդ ապրանքատեսակների դեֆիցիտ առաջացնել։
Նշվում է, որ Իրանում տարեկան արտադրվում է 5 միլիոն տոննա կարտոֆիլ, որի 90 տոկոսը սպառվում է երկրի ներսում, իսկ մնացած 500 հազար տոննան արտահանվում է։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանում ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի վավերացման ժամանակ պատգամավորներից մի քանիսը հարցեր բարձրացրին Իրանից էժան կարտոֆիլի ներմուծման վտանգների մասին։ Այդ մտավախություններին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես երեկ ասացի, որ մենք 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որ չենք կարողանում արտահանել։ Եվ մեր մտածողությունը շարունակում է մնալ էն, որ մենք պետք է կարտոֆիլը պարկերով տանենք Կոմիտասի պողոտայի վրա շարենք և վաճառենք։ Սա մեր ամենամեծ պրոբլեմն է։ 70 միլիոն շուկան մեզ համար բացում ենք, ասում ենք՝ վա՜յ, մեր 3 միլիոնանոց շուկան կարո՞ղ է գրավեն։ Այո, եթե չաշխատենք, իհարկե, կգրավեն»,- ասաց Փաշինյանը։