Աղմկահարույց օրինագիծ Վրաստանի խորհրդարանում. բանակում կծառայեն բոլոր հոգևորականները, բացի ուղղափառներից
Վրաստանի խորհրդարանում գրանցվել է «ռազմական պարտականությունների ու ռազմական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը: Օրինագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել, որոշ հասարակական և քաղաքական գործիչներ պնդում են, որ այն խտրականության էլեմենտներ է պարունակում․ օրինագիծը ենթադրում է պարտադիր զինծառայություն բոլոր հոգևորականների համար, բացի Ուղղափառ եկեղեցու սպասավորներից, տեղեկանում ենք «Ալիք Մեդիայից»:
Օրինագծի հեղինակը Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին է: Նրա խոսքերով՝ վերջին շրջանում ստեղծվում են կրոնական կազմակերպություններ, որոնց նպատակն է երիտասարդներին որպես եկեղեցու ծառայողներ՝ ազատել պարտադիր զինծառայությունից:
Նման կազմակերպություն ստեղծել էր «Գիրչի» ընդդիմադիր կուսակցությունը: Այն կոչվում է «աստվածաշնչյան ազատություն»։ Երիտասարդներն անդամակցելով հոգևոր կազմակերպությանը հնարավորություն են ստանում խուսափել բանակում ծառայությունից: Աստվածաշնչյան ազատությունն ունի 6 908 հետևորդ: Սեսիաշվիլիի խոսքով օրենքի այս կետից օգտվում է նաև 165 Եհովայի վկա և ուղղափառ եկեղեցու 50 ներկայացուցիչ:
Ինչ վերաբերում է Գիրչիի հիմնադիր Զուրաբ Ջափարիձեի արձագանքին, վերջինս գտնում է, որ այս օրինագծի ետևում կանգնած է Վրաստանի պատրիարքարանը: Պատրիարքարանի՝ մարտի 19-ին տարածած հայտարարության համաձայն, կեղծ կրոնական իրավաբանական անձինք չպետք է օգտագործեն պարտադիր զինծառայությունից ազատվելն իրենց շահերի համար: Պատրիարքարանը գտնում է նաև, որ պետությունը պետք է ապահովի ոչ ռազմական ծառայություն՝ որպես այլընտրանք:
Սեսիաշվիլիի օրինագիծն անընդունելի է դարձել ոչ միայն «Գիրչի» կուսակցության, այլ նաև հասարակական սեկտորի կողմից: 16 հասարակական կազմակերպություն համապատասխան հայտարարություն են տարածել:
Հիշեցնենք՝ որոշ երկրներում, որտեղ զինծառայությունը պարտադիր է (օրինակ՝ Դանիայի թագավորությունը, Ֆինլանդիան, Էստոնիան, Լիտվան) կրոնական դրդապատճառներով զինծառայությունից հրաժարված անձինք պարտավոր են այլընտրանքային ծառայություն անցնել: