Միայն սուրճի տեսքը կարող է արթնացնել մարդուն
Այս թեմայով
Միլիոնավոր մարդիկ չեն պատկերացնում իրենց առավոտն առանց մեկ բաժակ սուրճի, գրում է The Daily Mail-ը: Տորոնտոյի համալսարանի վերջին հետազոտությունները վկայում են այն բանի մասին, որ պարտադիր չէ սուրճ խմել, որպեսզի զգաք թարմացնող էֆեկտ:
Նշվում է, որ մարդուն անհրաժեշտ է տեսնել մի բան, ինչը նրա մոտ սուրճի ասոցիացիա կառաջացնի: Այդ դեպքում ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ակտիվության և ուշադրության համար, միանգամից կակտիվանան:
Այս ամենը ապացուցել է այն գիտափորձը, որին մասնակցել են արևմտյան և արևելյան մշակույթի ներկայացուցիչներ ( ԱՄՆ, Կանադա, Եվրոպա, Չինաստան, Ճապոնիա, Կորեա) :
Կամավորները կատարել են տարբեր առաջադրանքներ: Օրինակ՝ առաջարկվել է ստեղծել մարքեթինգային ռազմավարություն թեյի կամ սուրճի համար, այդ ժամանակ գնահատվում էր կամավորների ակտիվության աստիճանը:
Պարզվել է՝ այն մարդիկ, ովքեր աշխատում էին սուրճի նկարի հետ, ռազմավարություն ստեղծելիս մատծում էին ավելի հստակ: Նրանց անգամ թվում էր, որ ժամանակը ավելի արագ է անցնում՝ ի տարբերություն թեյի հետ աշխատող կամավորների:
Ընդ որում` ասոցիացիաները, որոնք կապված էին սուրճի հետ, ավելի ուժեղ էին արևմտյան մշակույթի ներկայացուցիչների շրջանում: Գիտնականներն այս երևույթը բացատրում են նրանով, որ սուրճ խմող աշխատող մարդու կերպարը խորը նստած է մարդկանց գիտակցության մեջ: