Գյումրեցիները Սամվել Բաբայանի ձերբակալության եւ ՀՀԿ-ի վախերի մասին
Այս թեմայով
- Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ
- Ես վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրահանգ չի տվել․ Սամվել Բաբայան
- Առանց Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելու Ռ. Քոչարյանը Մեղրիի հարցով բանակցությունների չէր կարող գնալ. Սամվել Բաբայան
- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գնում են ճշտումներ. Սամվել Բաբայան
Մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության իշխանությունները հերթական սկանդալային քայլին գնացին. ձերբակալեցին պաշտպանության բանակի նախկին հրամանատար, հերոս, Շուշին ազատագրող Սամվել Բաբայանին:
Այսպիսով, Հայաստանում եւս մեկով ավելացավ քաղբանտարկյալների թիվը: Իշխանության այս քայլը դատապարտվեց ողջամիտ հասարակության կողմից:
Գյումրիում, որն իր տեսակով համարվում է ընդդիմադիր քաղաք, եւս անընդունելի են համարում Սամվել Բաբայանի ձերբակալությունը: Մեր անցկացրած հարցախույզից պարզ դարձավ, որ երկրի կառավարող համակարգը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, վախենում է իրենից հզոր մարդկանցից:
«Նրա ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի, ցույց է տալիս իշխանությունների վախը հատկապես ուժեղ մարդուց, որը չի հանդուրժում ներկա իշխանությանը: Նրան ձերբակալեցին, որովհետև վախենում էին, որ ընտրությունների կեղծելը չի հանդուրժի ու կդիմի գործողությունների, հանրահավաքների: Բաբայանը, որպես հզոր մարդ, շատ լուրջ հավաքագրում կաներ ու հեղափոխություն կլիներ: Մի խոսքով՝ Սամվել Բաբայանի երկամսյա կալանավորումը Սերժ Սարգսյանի ապահովագրումն է հետընտրական պրոցեսներից»,- մեզ հետ զրույցում նշեց գյումրեցի ակտիվ երիտասարդներից մեկը, որն ուշադրությամբ հետեւում է քաղաքական զարգացումներին:
Հաշվի առնելով, որ իրավապահ ողջ համակարգը ենթարկվում է Սերժ Սարգսյանին եւ հնազանդորեն ի կատար ածում նրա բոլոր ցանկությունները, Գյումրիում չբացառեցին, որ այս ձերբակալությունը իրավապահ մարմինները կատարել են որպես պատվեր:
«Քանի որ չեմ վստահում ՀՀ իրավապահ համակարգին ընդհանրապես, արդեն իսկ բացասաբար եմ տրամադրված այդ ձերբակալմանը, կալանավորմանը եւ առհասարակ այն ամենին ինչ տեղի է ունենում: Չեմ վստահում իրավական համակարգին եւ գտնում եմ, որ ՀՀ իշխանությունների պատվերն են կատարում: Հակված եմ մտածելու, որ քաղաքական պատվեր է՝ հատկապես նախընտրական այս փուլում»,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց գյումրեցի լրագրողներից մեկը:
«Ցանկացած դեպքում հերոսի ձերբակալությանը վատ եմ վերաբերվում, եթե կոնկրետ հանցանք չկա: Ենթադրություններ չեմ ուզում անել, թե ինչու են ձերբակալել»,- նշեց մեկ այլ գյումրեցի:
Գյումրեցիները եւ հատկապես արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկները, Սամվել Բաբայանին նկարագրեցին որպես հայրենասեր անձնավորության, ով չէր կարող իր երկրի բնակչի համար վատ բան անել:
«Սամվել Բաբայանը ազգային հերոս է ու ազնիվ մարդ: Ինչ-որ արել է՝ լավ է արել: Նա որպես ազգային հերոս հոյակապ անձնավորություն է: Հաց տանողին սպանեցին: Էս իշխանություններից ամեն ինչ սպասելի է: Ինքը էդ զենքը չէր բերել, որ հայի վրա օգտագործեր, բերել էր, որ թուրքի դեմ օգտագործեր: Փոխանակ մարդուն կրկնակի հերոս տային, ձերբակալեցին: Լավ, կիրթ մարդուն տեղ չեն տա»,- ասաց Գյումրու եկեղեցիներից մեկի հարող տարածքում՝ մոմավաճառներից մեկը:
«Բաբայանի ձերբակալությունը խճճված պատմության է նման: Իմ կարծիքով՝ իշխանության հերթական վատ բեմադրված ներկայացումներից մեկն է: ԱԱԾ-ի հայտարարությունում ասվում էր, թե Վրաստանից «Իգլա» բերելու համար են ձերբակալել: Սա արդեն միջպետական խնդրի է վերածվում, այսինքն պետական սահմանին՝ ո՛չ վրացական կողմը, ո՛չ հայկական կողմը չկարողացան էդ զենքը գտնել, բերեցին Հայաստան, նոր բացահայտվեց: Չափսերով փոքր զենք էլ չի, որ հավատանք իշխանության հնարած հեքիաթին»,- այսպիսի կարծիք հայտնեց Գյումրու համալսարաններից մեկի ուսանողը:
Գյումրու բնակիչները այս դեպքի վերաբերյալ տարբեր վարկածներ են առաջ քաշում: Նույնիսկ եղան մարդիկ, ովքեր Բաբայանի ձերբակալությունը նմանեցրեցին Վարդան Օսկանյանի որդու ձերբակալության հետ:
«Սամվել Բաբայանի նման, Վարդան Օսկանյանի տղայի գլխին էլ սարքեցին, որ Օսկանյանը չկարողանա առաջ գնալ: Սրանցը սաղ սարքելոցի է՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սամվել Բաբայանը շատ հայրենասեր, պարկեշտ անձնավորություն է: Էդ մարդուն ընչի՞ են բռնել, զենք է բերե՞լ, բայց չի տարել թշնամուն տվել: Էդ «Իգլայից» յուրաքանչյուրը պետք է ունենար, սաղ դիրքերը պետք է «Իգլայով» լցված լինեին: Հանրապետական կուսակցությունը մեր ներքին թշնամին է»,- ասաց մրգավաճառներից մեկը:
Գյումրեցիների շրջանում եղան նաեւ դժգոհողներ, որ հեռուստատեսային լրատվությունը ճշգրիտ տեղեկատվություն չի տրամադրում Բաբայանի գործի հետ կապված: Մեր զրուցակիցները ասում են, թե տեղեկատվությունը մատուցվում է այնպես, ինչպես իշխանություններին է ձեռնտու:
«Սամվել Բաբայանի ձերբակալության մասին ճիշտ բան ե՞րբ ասեցին: Ո՞վ է բռնել, ընչի՞ են բռնել: Մենակ ասեցին, որ զենք է բերել, թե ո՞ւմ համար՝ պետք է բացահայտեն: Հետո էլ Իսագույլանը կսեր՝ մի տարածեք, բայց ընչի՞ չտարածեն, թե բան կա, թող սենց, իմանանք: Աֆերիստ քայլ է, սարքած է իշխանության կողմից: Խիպիշ են էրել, որ չկենտրոնանանք իրանց խախտումների վրա: Սերժի շահի հարցն է ստեղ: Էդ մասին 2-3 անգամ են լուրերով ցույց տվել ու էլ բան չեմ իմացել, լավ չեն տեղեկացնում: Իսագուլյանն էլ չի թողնում, որ լրագրողները բան ասեն»,- նշեց գյումրեցի կոշկակարներից մեկը:
Հավասարության սկզբունքով՝ փորձեցինք կարծիք ստանալ նաեւ Հանրապետական կուսակցության ներկայացուցչից: Հետաքրքրական է, բայց փաստ, որ միայն այս ՀՀԿ-ականն էր ճիշտ համարում Բաբայանի ձերբակալությունը, չնայած, միեւնույն ժամանակ ընդունելով, որ սա նախօրոք մշակված քաղաքական հետապնդում է եղել։
«Սամվել Բաբայանի ձերբակալումը մշակված էր դեռ մի քանի ամիս առաջ։ Հետապնդում է քաղաքական նպատակ։ Սա կծիկ է, որ քանդվում է, եւ հնարավոր է՝ շատ շուտով Օհանյանն էլ հայտնվի այդպիսի գործերի մեջ: Դե սուբեկտիվ կլինեմ՝ իմ կարծիքով Բաբայանի կողմից ձեռնարկվում էր մի գործունեություն, որը վնաս էր հասցնելու ՀՀ գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանին։ Այլ պատճառ չեմ կարող ասել. դա էլ թողնենք ԱԱԾ-ին»,- նշեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը:
Իմի բերելով գյումրեցիների կարծիքները, կարող ենք վստահորեն ասել, որ այս քաղաքում եւս դատապարտում են Սամվել Բաբայանի ձերբակալությունը: Այդպես էլ չկարողացանք գտնել մի անկուսակցական քաղաքացու, ով կողջուներ Բաբայանի ձերբակալությունը եւ կալանավորումը:
Դավիթ Գասպարյան
Գյումրի