Միլիարդավոր տարիներ առաջ Մարսի վրա մեծ գետեր են եղել. հետազոտություն
Նոր հրապարակված հետազոտության արդյունքները վկայում են, որ Արեգակնային համակարգի Մարս մոլորակի վրա ժամանակին խոշոր գետեր են եղել:
Սակայն, ինչպես նշում է space.com-ը, դրանք սկսել են ցամաքել 3,7 մլրդ տարի առաջ և ամբողջովին վերացել են 1 մլրդ տարի առաջ:
Հետաքրքրական է, որ մարսյան գետերը, ի տարբերություն Երկիր մոլորակի գետերի, ավելի լայն են եղել:
Հետազոտության ղեկավար, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Էդվին Քայթի խոսքով՝ այժմ ակնհայտ է, որ Մարսն ունեցել է ոչ թե մեկ, այլ մի քանի «թաց շրջան»:
Հայտնի է, որ Քայթն ու իր թիմը մանրակրկիտ ուսումնասիրել են Մարսի վրա գտնվող ավելի քան 200 հնագույն ջրային ուղիներ: Նրանք ցամաքած գետերի տարիքը հաշվել են շրջակա տեղանքի ուսումնասիրության միջոցով:
Թիմի աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Մարսի գետերը հոսել են անկանոն, բայց ուժեղ, և դա տեղի է ունեցել մոլորակի 4,5 մլրդ տարվա պատմության մեծ մասի ընթացքում:
Գիտնականը հավելել է, որ հայտնի չէ, թե ինչ ծավալի ջուր է եղել դրանցում, քանի որ գետերի խորությունն այլևս հնարավոր չէ չափել: