Գիտնականներն ուսումնասիրում են, թե ինչպես է աղտոտումն ազդել Էվերեստի վրա
Ամերիկյան գիտնականների խումբն ուղեւորվել է Էվերեստ՝ ուսումնասիրելու, թե ինչպես է աղտոտումն ազդել Հիմալայան լեռների եւ սառցադաշտերի վրա, որոնք հալչում են գլոբալ տաքացման պատճառով, տեղեկացնում է AP-ը։
Ջոն Ալի ղեկավարած թիմը (Արեւմտյան Վաշինգտոնի համալսարան) նախատեսում է հաջորդ երկու ամիսներն անցկացնել տարածաշրջանում՝ հավաքելով նմուշներ եւ ուսումնասիրելով սառույցը, ձյունն ու բուսականությունը։
Մայիսին թիմի անդամները կփորձեն բարձրանալ Էվերեստ (բարձրությունը՝ 8850 մետր)։ Թիմը ծրագրում է նմուշներ վերցնել եւ Նեպալի համալսարանների ու պետական հաստատությունների հետ հետազոտություններ իրականացնել։ Գիտնականները ցանկանում են համեմատել ընթացիկ տվյալներն այն տվյալների հետ, որոնք պրոֆեսորը հավաքել էր 2009 թվականի այցելության ժամանակ։