Սբ Սոֆիայի տաճարին վերաբերող Էրդողանի առաջարկությունը վիրավորական է․ Հունաստան
Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկությունը վիրավորական է ոչ միայն քրիստոնյաների, այլեւ միջազգային հանրության համար։ Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Ջորջ Կատրուգալոսը՝ հայտնում է Greek Reporter-ը։
«Այն ոչ միայն քրիստոնեական աշխարհի մեծ տաճար է, մեծագույնը շատ հարյուրամյակների ընթացքում, այն նաեւ պատկանում է մարդկությանը։ Տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես մեծ մշակութային ժառանգություն»,- հիշեցրել է հույն նախարարը։
Էրդողանը մարտի 24-ին Հունաստանի անկախության տոնի նախօրեին խոսել էր տաճարը մզկիթի վերածելու հնարավորության մասին։ «Դա բացառված չէ։ Ինչպես գիտեք, մզկիթը 1935թ․ վերածվել է թանգարանի, ինչը խոսում է Ազգային հանրապետական կուսակցության մենթալիտետի մասին։ Մենք նույնպես կարող ենք քայլ կատարել եւ փոխել դա»,- ասել էր նա։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը համաձայն չէ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարի հետ, քանի որ դա լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել։
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ժամանակաշրջանի հանրահայտ հուշարձան է։ Այն կառուցվել է 532-537 թվականներին՝ Յուստինիան կայսեր հրամանով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի հիշատակը։
1453 թվականից այնտեղ մզկիթ էր գործում։ 1935 թվականին տաճարը դարձել է թանգարան։