ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացումը կախված է ԵՄ անդամ երկրների քաղաքական որոշումից
Մենք և մեր եվրոպական գործընկերները խոսում ենք նույն լեզվով: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կազմակերպած «Հայաստանի Եվրոպայի ճանապարհին» քննարկման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ուղենիշներից մեկը Հայաստանի և Եվրամիության միջև կնքված համաձայնագիրն է, որը վավերացվել է ՀՀ-ի և տասը անդամ երկրների կողմից, և ակնկալվում է, որ շուտով կվավերացվի Շվեդիայի և Գերմանիայի կողմից: Ի հեճուկս բոլոր հոռետեսական տրամադրությունների՝ ՀՀ-ն առաջ է շարժվում համաձայնագրի կիրարկման գործընթացում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ թավշյա հեղափոխության ու միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումից հետո Հայաստանն իր տեղն է զբաղեցնում ժողովրդավար պետությունների շարքում։ «Մենք և Եվրոպայի գործընկերները խոսում ենք միևնույն լեզվով և լիարժեք փոխըմբռնումով։ Սա պարարտ հող է ստեղծում հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասաց Ռուբեն Ռուբինյանը։
ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործընթացում, ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, կարևոր է վիզայի ազատականացման շուրջ քաղաքական երկխոսության մեկնարկը: Մատնանշեց, որ ԵՄ-ում հայտարարել են, որ ՀՀ-ն պատրաստ է դրան: «Ըստ էության, այս հարցն ավելի շատ քաղաքական է և կախված է ԵՄ անդամ երկրների քաղաքական որոշումից: Մենք ակտիվորեն աշխատում ենք եվրոպական մեր գործընկերների հետ, որ հնարավորինս արագ սկսվի երկխոսությունը, և մենք կարծում ենք, որ սա շատ կարևոր ուղերձ է այն ժողովուրդներին, որոնք պայքարում են և հասնում են իրենց նպատակին»,- ասաց նա: