«Նման որոշումը միանշանակ բացասական հետևանքներ ունի». Կրեմլում մեկնաբանել են Գոլանի բարձունքի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ երկրի ղեկավարը Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ կքննարկի Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի իշխանությունը ճանաչելու Միացյալ Նահանգների որոշումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Քարտուղարի խոսքով՝ հանդիպումը կսկսվի առաջիկա ժամերին:
«Նման որոշումը Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման և Սիրիայում քաղաքական կարգավորման ընդհանուր մթնոլորտի տեսանկյունից միանշանակ բացասական հետևանքներ ունի»,-ասել է Պեսկովը:
Նա ափսոսանք է հայտնել ամերիկյան կողմի՝ միջազգային իրավունքի նորմերի խախտման հերթական քայլի առնչությամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից համապատասխան որոշումը ստորագրվել էր մարտի 25-ին՝ Սպիտակ տանը: