ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը լուրջ խնդիր է պետության եւ ժողովրդի համար
Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում հայտնված Արայիկ Հարությունյանը սովետական ամենախայտառակ ավանդույթների ոգով, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է, թե Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ է տեսնում։
«Ես նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում»,- ասել է ԿԳ նախարարի պաշտոն զբաղեցնողը։
Ընդ որում, իր կարծիքը հիմնավորում է չփաստարկված, այգիներում հավաքված ծերունիների ոճով, ասելով, թե ԵՊՀ-ի ներկայիս վիճակը նայեք։
Նայում ենք, քաջատեղյակ ենք բոլոր բուհերի խնդիրներին, բայց չմոռանանք, որ որպես խնդիր Նիկոլ Փաշինյանը նշել է ոչ թե տրվող գիտելիքների մակարդակը, այլ միայն այն, որ Արամ Սիմոնյանը դուռ է փակել ուսանողների առաջ:
Ինչպես տիպիկ բոլշեւիկյան գործիչ Արայիկ Հարությունյանը շտապում է կատարել եւ կենսագործել իր շեֆի հրահանգները եւ այսօր վտանգ է տեսնում Սիմոնյանի պաշտոնավարման մեջ:
Իրականությունը այն է, որ այդ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումն է աղետ մեր կրթական համակարգի, մեր երկրի եւ ժողովրդի համար:
Այս մարդը ծանր է տանում, որ հայ երեխան հայոց եկեղեցու պատմություն է սովորում, որ քահանան մտնում է դպրոց, որ հասարակագիտության ժամին ասում են, որ կինը պետք է հոգ տանի ամուսնում, իսկ ամուսինը՝ ընտանիքի մասին:
Այս մարդը ամիսների ընթացքում որեւէ խելքը գլխին բարեփոխում չնախաձեռնեց, չկարողացավ բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, այլ տնային տնտեսուհու նման վազում է դպրոցներ եւ նախարարին ոչ վայել պահվածքով կանխում դրամահավաքները:
Թվարկումը չենք շարունակում, պարզապես մեկ անգամ եւս շեշտենք, որ հենց Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումն է լուրջ խնդիր մեր պետության եւ ազգի համար:
Վարդան Մխիթարյան
Top-News.am