Որոշ երկրներ պետական մակարդակով փառաբանում են ատելության հողի վրա հանցագործությունները. ԱԳ փոխնախարարը՝ ԵԱՀԿ-ում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-26-ը Բրատիսլավայում մասնակցեց ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության շրջանակներում կազմակերպված հակաահաբեկչական համաժողովին: Փոխնախարար Ապիտոնյանը միջոցառման բարձրաստիճան հատվածում հանդես եկավ ելույթով:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Փոխնախարարը սկսեց իր խոսքը` դատապարտելով Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները: Ա. Ապիտոնյանը, նշելով, որ ահաբեկիչների նպատակը ոչ միայն զոհերի թիրախավորումն է, այլ համատարած անապահովության տարածումը հասարակության շրջանակներում, կարեւորեց ահաբեկչության եւ ծայրահեղականության կանխարգելմանն ու հակազդմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրման հրամայականը:
Անդրադառնալով ատելության հողի վրա կատարված հանցագործություններին, մասնավորապես, որոշ պետությունների մակարդակով դրանց փառաբանման դրսեւորումներին` Ա․Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց, որ նման մոտեցումը պարարտ հող է ստեղծում արմատականության եւ ահաբեկչության տարածման համար:
Այդ համատեքստում նա նշեց, որ ԵԱՀԿ պետք է առավել կարեւոր դերակատարում ունենա նման հանցագործությունների կանխարգելման գործում:
Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանն այլ երկրների հետ միասին միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում ԵԱՀԿ-ում, քննադատել է ահաբեկիչների կողմից Սիրիայում եւ Իրաքում` էթնիկ եւ կրոնական խմբերի դեմ իրականացված վայրագությունները: Հավելեց, որ վերջին ութ տարիների ընթացքում Սիրիայի եւ Իրաքի ժողովուրդները, մասնավորապես՝ կրոնական փոքրամասնությունները ենթարկվել են զանգվածային վայրագությունների, առեւանգումների եւ տեղահանման:
Այս համատեքստում փոխնախարար Ապիտոնյանը նշեց, որ չնայած ահաբեկչական կազմակերպությունների դեմ ռազմական գործողությունների հաջող իրականացմանը, ահաբեկչությունը շարունակում է աննախադեպ սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության եւ անվտանգության համար: Հավելեց, որ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների վերադարձը իրենց ծագման երկրներ բացասաբար է ազդում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա, եւ կարող է հանգեցնել հակամարտությունների եւ ճգնաժամերի գոտում լարվածության ավելացմանը:
Եզրափակելով իր ելույթը` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարեւորեց բոլոր պետությունների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների համապարփակ ներգրավվածությունը ահաբեկչության դեմ պայքարում: