«Մենք տնօրենին ասել ենք` այսքան երեխայի և 35 մանկավարժի ճակատագիր քո խղճի վրա է». Ավշարի դպրոցում դեռ վիճակն անորոշ է
Ավշարի դպրոցում ոչ մի փոփոխություն չկա, նույն վիճակն է, ուսուցիչներն ու ծնողներն այս պահին հավաքված են դպրոցում, իսկ տնօրենը դպրոց չի եկել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: Ավելի ուշ գործադուլ էին հայտարարել նաև ուսուցիչները:
Ռեգինա Սիմոնյանը նշեց, որ մեկնարկել է գարնանային արձակուրդը, և աշակերտներն արձակուրդում են: «Բայց արձակուրդը ուսուցիչներին չի վերաբերում, մենք աշխատանքի մեջ ենք, երևի աշխատանքի մեջ լինելը միայն ուսուցիչներին է վերաբերում, տնօրենն արտոնյալ է, չի ներկայանում»,- ասաց նա:
Սիմոնյանի խոսքով` ուրբաթ օրը տնօրենը մի քանի ժողով է արել ուսուցչական անձնակազմի հետ, ինչից հետո ոչ մի քայլ չի ձեռնարկել: «Ուսուցիչները մնացել են իրենց կարծիքին: Մենք իրեն ասել ենք` այսքան երեխու և 35 մանկավարժի ճակատագիր քո խղճի վրա է: Մեր աշխատանքը իրար հետ չի ստացվում, վերջ: Մեր վերջին հանդիպման զրույցը եղել է սա, ու ինքը գնացել է»,- ասաց նա: