«Իսրայելում դեսպանատան բացմամբ Հայաստանը կարող է ընդօրինակել Իսրայելի փորձը բազմաթիվ բնագավառներում, միայն թե ոչ հայրենադարձության ոլորտում». Սատանովսկի
Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ Իսրայելում դեսպանատան բացմամբ Հայաստանը կարող է ընդօրինակել Իսրայելի փորձը բազմաթիվ բնագավառներում, միայն թե ոչ հայրենադարձության ոլորտում, ինչպես կարծում են որոշ մասնագետներ:
Վերջին շաբաթներին ակտիվորեն քննարկվում էր հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը, մասնավորապես՝ Իսրայելում հայկական դեսպանատան բացումը: Նման մտադրության մասին հայտարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
«Հայաստանը հայրենադարձության հարցում սեփական փորձն ունի, և իսրայելականը նրանց պետք չէ: Հայաստանին հենց նույն Սիրիայից հայերի ընդունելու համար իսրայելական փորձը պետք չեկավ: Երբ ստեղծվեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, մեծ թվով հայեր վերադարձան հայրենիք, որոնք Ցեղասպանության տարիներին փախել էին Թուրքիայից, մի մասն էլ հայրենադարձվեց այն փաստի շնորհիվ, որ այդքան հարյուրամյակներ անց Հայաստանը վերջապես վերականգնել էր պետականությունը: Այդ ժամանակ Իսրայել պետությունը քարտեզի վրա չկար, հետևաբար չկար նաև հայրենադարձության փորձ»,- РУСАРМИНФО-ի հետ զրույցում ասել է Սատանովսկին՝ հավելելով, որ միանգամայն անօգուտ է հայերին խորհուրդ տալ, թե ինչպես ետ ընդունել իրենց արյունակիցներին ու ազգակիցներին:
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի համար օգտակար կարող է լինել Հոլոքոստի միջազգային և հատկապես ԱՄՆ-ում ճանաչման փորձը:
«Իսրայելն առաջ տարավ հրեաների ցեղասպանության ճանաչման հարցը: Այս առումով շատ բաներ կան, որոնց հրեաները կարողացել են հասնել, իսկ հայերը՝ դեռ ոչ: Պատահական չէ, որ Ամերիկայում Հոլոքոստի ճանաչումն ու հիշատակն ավելի խորն է, քան Հայոց ցեղասպանությանը, որը ճանաչվել է մի քանի նահանգի մակարդակով (Հայոց ցեղասպանությունը ճանաչել է արդեն 49 նահանգ-tert.am): Հայ-հրեական և հայ-իսրայելական երկխոսության մեջ այս առումով շատ հետաքրքիր թեմաներ կան»,- ասել է ինստիտուտի նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարարի տեղակալի հայտարարության առնչությամբ իսրայելցի հայտնի քաղաքագետ և հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը նշել էր, որ այսօր Հայաստանի համար գլխավոր ձգտումը կարող է Իսրայելի ժողովրդագրական փորձի յուրացումը լինել՝ հիշեցնելով, որ գոյության 71 տարիներին Իսրայելի հրեա բնակչությունն աճել է գրեթե 11 անգամ, մինչդեռ Հայաստանն անկախության 28 տարիներին զրկվել է բնակչության գրեթե կեսից: