Մյուլերը ընտրությունների ժամանակ Թրամփի եւ Ռուսաստանի միջեւ դավադրություն չի հայտնաբերել
Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի միջև դավադրություն կամ համակարգված ուղղորդում չի հայտնաբերել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարի հայտարարությանը:
Մյուլերի հետաքննությունը նաեւ ցույց է տվել, որ Թրամփի գրասենյակը որեւէ կապ չուներ Դեմոկրատական կուսակցության անդամների համակարգիչները կոտրելու հետ: Հատուկ դատախազը դրա պատասխանատվությունը վերագրել է «ռուսական իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող հաքերներին»:
Մյուլերը հավելել է, որ «ռուսական գործի» մասին նրա զեկույցը չի ենթադրում, որ Թրամփը հանցագործություն է կատարել, սակայն եւ չի հերքում դա: Մասնավորապես, հատուկ դատախազը դժվարացել է պատասխանել՝ փորձել է արդյոք Ամերիկայի առաջնորդը խոչընդոտել արդարադատությանը:
Արդարադատության նախարարը որոշում կկայացնի Մյուլերի նոր զեկույցը հրապարակելու վերաբերյալ, երբ համոզվի, որ դա չի հակասում օրենքին:
Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում դեռ չեն ծանոթացել Մյուլերի հետաքննության արդյունքներին:
Ռուսաստանը բազմիցս հերքել է տարբեր երկրներում ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերի վերաբերյալ մեղադրանքները՝ անվանելով դրանք անհիմն: