Եթե ճանապարհին «արկած» չլինի, 6 ամիս հետո Պոլսո Հայոց պատրիարք կունենանք, բայց պետական միջամտությունն այս գործընթացին չի բացառվում. Սահակ Մաշալյան
Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանի խոսքով՝ պատրիարքական ընտրությունների վերաբերյալ որևէ պաշտոնական կանոնագիրք չկա: Նա այս մասին նշեց Tert.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող Պոլսո պատրիարքական ընտրությունների գործընթացին:
«1863թ․ հայկական Սահմանադրության ուղիներով ենք գնում: Ըստ դրա՝ եթե պատրիարքի աթոռը թափուր է, պետք է քաղաքական և կրոնական ժողովները հավաքվեն և տեղապահ ընտրեն: Բայց քաղաքական ժողով մենք չունենք: Հետևաբար կրոնավորները պետք է լինեն: Բայց դա էլ մի բարդություն է»,- ասաց նա:
Սահակ Մաշալյանը պատմեց, որ սրանից առաջ եղած չորս պատրիարքները փոխանորդներով են ընտրվել, փոխանորդներն են կազմակերպել այդ ընտրական շրջանը: «Հետևաբար պետք է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքն անցնի: Այնուհետ մենք՝ եկեղեցականներս, պետք է որոշենք, թե ինչպես պետք է շարունակվի ընտրություններին նախապատրաստվելը՝ տեղահայո՞վ, թե՞ փոխանորդով:
Երբ որ դա որոշվի, տեղապահի ընտրությունները կլինեն, և անմիջապես ընտրությունների նախաձեռնակ մարմին է ընտրվելու, և ընտրության աշխատանքները կսկսվեն»,- ասաց նա՝ նշելով, որ տեղապահի ընտրությունների գործընթացը՝ տեղապահին կամ փոխանորդին հանձնելու հարցը պետք է հստակեցնեն հոգևորականները և համայնքը:
Սահակ Մաշալյանի խոսքով՝ ինքը ակնկալում է, որ 6 ամիս հետո արդեն Պոլսո Հայոց պատրիարք կունենան, եթե ճանապարհին արկած չլինի: Միաժամանակ, նա հավանական համարեց, որ այս անգամ էլ, ինչպես նախորդ տարի՝ Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունների ժամանակ, պետությունը կմիջամտի պատրիարքարանում տեղի ունեցող գործընթացներին: «Ես չեմ կարող ապահովել, որ այս անգամ նման բան չի լինի»,- ասաց նա:
Անդրադառնալով Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի տրամադրվածությանը՝ Սահակ Մաշալյանը նշեց․ «Բնականաբար, ինքն է ուզում ընտրական գործընթացը կազմակերպի, որովհետև դա նաև մեծ առաքելություն է: Հավանաբար նա կփորձի դա անել: Մենք՝ որպես եկեղեցական համայնք, չենք ցանկանում վիճաբանությունների մեջ մտնել: Մենք մեր պատրիարք հորը նոր հողին հանձնեցինք, մենք մեր սուգն ենք պահում»,- ասաց նա:
Արդյո՞ք Թուրքիայի իշխանությունները կունենան Պոլսո իրենց սեփական թեկնածուն և կսատարեն նրան, այս մասին Սահակ Մաշալյանը կարծում է, որ նման բան չի լինի: «Պետությունն էլ ցանկանում է, որ ժողովրդի քվեով ընտրված, ժողովրդի, սփյուռքի, Հայաստանի կողմից հարգանք վայելող մեկը պատրիարք լինի, որովհետև Պոլսո պատրիարքը միջազգային դեմք է լինելու: Հետևաբար չեմ կարծում, որ պետությունը կոշտ քայլերի կդիմի»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե իրականում ովքեր կարող են լինել Պոլսի պատրիարքի թեկնածուներ, Սահակ Մաշալյանը պատասխանեց, որ մնայուն սահմանադրություն իրենք չունեն, Թուրքիան է կանոնադրություն տրամադրելու, և պարտադիր չէ, որ նախորդ անգամները ուղարկած կանոնադրությունն այս անգամ էլ ուղարկի:
«Անցյալ անգամ ուղարկած կանոնադրության համաձայն՝ ընտրություններին կարող էին մասնակցել Թուրքիայում ծնված հոգևորականները, և նաև նրանք, ում հայրերը ծնվել էին Թուրքիայում: Մենք նորից, այդ կանոնադրությունը հաշվի առնելով, կարող ենք պատրիարքի թեկնածուների ցանկը կազմել, բայց թե պետության ցանկությունն ինչ կլինի, չգիտենք»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք Սահակ Մաշալյանը կառաջադրվի՞ որպես Պոլսո պատրիարքի թեկնածու, նա արձագանքեց. «Դեռ շուտ է այդ մասին ասելը: Պատրիարքի քառասունքից հետո կհայտարարեմ այդ մասին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքը 9 տարի կոմայի մեջ էր գտնվում: Մութաֆյանի պարտականությունները ներկայումս կատարում է պատրիարքի փոխանորդ, պետության կողմից նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին նոր ընտրությունների անցկացման որոշում կայացնել՝ ցանկանալով իրենց հոգևոր առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: