«ԱՄՆ ոչ մի նախագահի հետ այսքան լավ հարաբերություններ չենք ունեցել». Նեթանյահուի շնորհակալությունը Գոլանի բարձունքի համար
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ շնորհակալություն կհայտնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գոլանի բարձունքը հրեական պետության մաս ճանաչելու պատրաստակամության համար, գրում է Jerusalem Post-ը:
Հիշեցնենք, որ մարտի 20-ին Թրամփը թվիթերում գրառում էր կատարել, որում ասում էր, որ եկել է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի գերակայությունը ճանաչելու ժամանակը, ինչը բխում է Իսրայելի և տարածաշրջանային անվտանգության շահերից:
Երկու երկրների առաջնորդները քառօրյա այցի շրջանակում երկու հանդիպում կունենան, որոնց ժամանակ քննարկումներ կունենան նաև «Իրանի ագրեսիայի դեմ համատեղ պայքարի» մասին:
Սա 2017թ.-ին Թրամփի պաշտոնավարման սկզբից ի վեր առաջնորդների 6-րդ երկկողմյա հանդիպումը կլինի:
«Ես պատրաստվում եմ Թրամփի հետ խոսել Գոլանի բարձունքի, դրա պատմական հռչակագրի, Սիրիայի և Իրանական ճնշումների մասին, նրանց կողմից վերականգնված և սահմանվելիք պատժամիջոցների, ինչպես նաև մեր երկրների՝ անվտանգության և հետախուզության ոլորտներում աննախադեպ համագործակցության մասին»,- ասել է Նեթանյահուն թռիչքից առաջ՝ հավելելով, որ Իսրայելը երբևէ ԱՄՆ ոչ մի նախագահի հետ այդքան լավ և սերտ հարաբերություններ չի ունեցել:
Ավելի վաղ, Նեթանյահուն հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նախագահի հետ՝ Գոլանի բարձունքի վերաբերյալ նրա հայտարարությունը պատմական քայլ անվանելով:
Գոլանի բարձունքը մինչ 1967 թվականն ընդգրկված է եղել Սիրիայի կազմում: 1967թ.-ի վեցօրյա պատերազմի ընթացքում իսրայելցի զինվորականները գրավել են այդ տարածքը: 1973-ին կողմերը հրադադարի համաձայնագիր են կնքել, իսկ 1974-ից Գոլանի բարձունքում հայտնվել են ՄԱԿ-ի խաղաղպահական դիրքերը:
1981թ.-ին Իսրայելի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով այդ տարածքի նկատմամբ միակողմանի կարգով հաստատվել էր հրեական պետության ինքնիշխանությունը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն թվականին 497-րդ բանաձևով չեղարկել էր բռնակցումը: