Դա սիրիական տարածք է, որն Իսրայելը գրավել է. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի դիրքորոշումը Գոլանի բարձունքների հարցում անփոփոխ է մնում, դա սիրիական տարածք է, որն Իսրայելը գրավել է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է մնում: Գոլանի բարձունքներն, անկասկած, սիրիական տարածք են հանդիսանում, որն Իսրայելը գրավել է 1967-ին տեղի ունեցած պատերազմի հետևանքով, իսկ 14 տարի անց անօրինաբար բռնակցել է», - ասվում է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվան կողմնորոշվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ 1981-ի դեկտեմբերի 17-ին կայացրած որոշմամբ, որի համաձայն՝ Սիրիայի այդ տարածքում Իսրայելի կողմից իր օրենքներն ու ղեկավարումը հաստատելն անօրինական է և միջազգային իրավական ուժ չունի:
Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքներն Իսրայելին պատկանող տարածք ճանաչելու մտադրության մասին նախօրեին հայտարարություն էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: