Ադրբեջանական բանտերում դեռեւս մոտ 100 քաղբանտարկյալ կա
Նույնիսկ Ադրբեջանի նախագահի մարտի 16-ի համաներման մասին կարգադրությամբ 50 լրագրողների, բլոգերների, քաղաքացիական, ընդդիմադիր եւ կրոնական ակտիվիստների, ինչպես նաեւ նախկին պաշտոնայաների ազատումից հետո Ադրբեջանի բանտերում են մնում 87 քաղբանտարկյալներ: Այս մասին նշված է Ադրբեջանի «Հանուն քաղբանտարկյալների ազատության» միության հաղորդագրության մեջ, հայտնում է contact.az-ը:
Ցուցակը կազմել են միության համակարգող՝ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը եւ Քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը:
87 մարդ դասակարգվել է 7 խմբի:
«Լրագրողներ եւ բլոգերներ» կարգում 5 մարդ կա, «իրավապաշտպաններ»՝ 1, «ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների անդամներ»՝ 7, «ԱԱՆ (2015 թվականին վերացված Ազգային անվտանգության նախարարություն) հանցագործությունների զոհեր»՝ 3, «հավատացյալներ»՝ 56, «պատանդներ»՝ 1, «ցմահ դատապարտվածներ»՝ 14 մարդ: