Ուկրաինայում նախագահի թեկնածուներից 9-ին անձնական թիկնազոր է տրամադրվել. Ավակով
Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներից 9-ին անձնական թիկնազոր է տրամադրվել, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, տեղեկացնում է «Українськi Новини» գործակալությունը:
«Պաշտպանության տակ է առնված նախագահի 9 թեկնածու», - ասել է նախարարը:
Ավակովը չի մանրամասնել, թե որ թեկնածուների մասին է խոսքը:
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարը հայտնել էր, որ ընտրություններին մասնակցող 11 թեկնածու դիմել է ոստիկանություն՝ խնդրելով անձնական թիկնազոր տրամադրել իրեն:
Նախարարն ընդգծել էր, որ այդ հարցով ոստիկանությանը դիմելու իրավունք ու հնարավորություն ունեն բոլոր թեկնածուները, եթե դա նրանց անհրաժեշտ է նախագահի թեկնածուի իրենց լիազորությունները լիիրավ կատարելու համար:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն Ուկրաինայում նշանակված են մարտի 31-ին: