«Թրամփն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաիսրայելամետ նախագահն է»
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը թվիթերյան իր էջում գրել է, որ Դոնալդ Թրամփն ավելի շատ է Իսրայելի շահերով առաջնորդվում, քան Միացյալ Նահանգների պատմության մեջ որևէ այլ նախագահ՝ նրան ամենաիսրայելամետ նախագահ անվանելով:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Գոլանի բարձունքի նկատմամբ Իսրայելի ամբողջական ինքնիշխանությունը, ինչը խիստ կարևոր է Իսրայել պետության անվտանգության և տարածաշրջանային կայունության համար, ընդ որում՝ Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը չեն պարզաբանել նախագահի հայտարարությունը:
1967թ.-ի Վեցօրյա պատերազմի ժամանակ Իսրայելը գրավել էր 1944թ.-ից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքը: 1981թ.-ին Իսրայելի խորհրդարանն օրենք էր ընդունել, որով այդ տարածքի նկատմամբ միակողմանի կարգով հաստատվել էր հրեական պետության ինքնիշխանությունը, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նույն թվականին 497-րդ բանաձևով չեղարկել էր բռնակցումը: