Հայաստանը լրջության եւ սթափության պակաս ունի
1990-ականների ամենասկզբում շատերը վստահ էին, որ մենք Իվանուշկա դուռաչոկի նման վառարանի վրա կամ թթի ծառի տակ պառկելու ենք, մեր հանքային եւ ոչ հանքային ջուրը վաճառենք եւ հանգիստ ապրենք:
Շատերն էին հավատում, որ հենց այսպես է լինելու: Հավատում էին այնքան ժամանակ, քանի դեռ համոզվեցին, որ արաբներն իրենց չեն ջարդում խողովակներով մեր ջուրը իրենց մոտ տանելու համար:
Ոմանք էլ պնդում էին, թե Կասպից ծովի նավթն ու գազը մի քանի տարուց վերջանալու է եւ Ադրբեջանը քանդվելու է: Ոմանք պնդում էին, իսկ շատերը հավատում: Այս համապատկերում ողջախոհ լինելու կոչերը չէին լսվում:
Երեսուն տարի անց ոչինչ կամ գրեթե ոչինչ չի փոխվել: Դեռ կան մեծ թվով մարդիկ, որոնք պնդում են, թե Բաքվի նավթը սպառվել է, եւ որ մեր ջուրը շուտով արաբները խողովակներով տանելու են:
Ինչպես այն ժամանակ էին շատերը հավատում, թե «Ղարաբաղ» կոմիտեն քանդեց Խորհրդային Միությունը, հիմա էլ շատ-շատերը վստահ են, որ Նազարբաեւը հրաժարական տվեց հայաստանյան վերջին իրադարձությունների հետեւանքով:
Հազարավորները, եթե ոչ տասնյակ հազարավորներն էլ վստահ են, որ Ալիեւը Բաքվում կնոջ հետ զբոսնում է, քանի որ այդպես է վարվում Նիկոլ Փաշինյանը:
Հիմա էլ շատ շատերը վստահ են, թե «հեղափոխությունից» հետո Եվրամիությունը Հայաստանին իր շարքերն է ընդգրկելու, հաշվի չառնելով, որ մենք ԵՏՄ անդամ ենք: Շատերը վստահ են, որ Արեւմուտքի առաջնորդներն իրենց որոշումները կայացնելիս հաշվի են նստում Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ տնտեսական հեղափոխությունն էլ լինելու է, քանի որ այդպես է ցանկանում հեղափոխական իշխանությունը:
Հենց այսպես էլ ապրում ենք, ինչպես իր երգում ասում էր Ֆորշը: Ապրում ենք եւ չենք մտածում լրջանալու եւ սթափվելու մասին: Ընդհակառակը, շատերը հեշտությամբ կհավատան այն պնդմանը, թե շուտով Հայաստանը դառնալու է համատիերզերական կենտրոն, որտեղ անցկացվելու են համատիեզերական մասշտաբի խորհրդաժողովներ:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am