Քաղաքացու օրը եւ մայրաքաղաքի անվանափոխումը
Այս օրերին Հայաստանում շատերն են հումորով մեկնաբանում Ղազախստանի իշխանությունների որոշումը երկրի մայւրաքաղաք Աստանան վերանվանել Նուրսուլթան՝ ի պատիվ երկիրը 29 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաեւի: Հումորներ են անում, կատակում, մատնանշում այս որոշման հետադիմական լինելը:
Ամենահետաքրքիրն այն է, որ հեգնողների, կատակողների, լուրջ դեմքով Ղազախստանը բռնապետություն անվանողների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր ողջունում են կառավարության որոշումը Հայաստանում սահմանել քաղաքացու օր, այն էլ ապրիլի վերջի շաբաթ օրը:
Ոմանք կամ շատերը կշտապեն ասել, թե ինչ կապ կա Ղազախստանի մայրաքաղաքի անվանափոխման եւ քաղաքացու օրվա միջեւ: Իսկապես, առաջին հայացքից թվում է, թե որեւէ կապ չկա, բայց իրականում գործ ունենք իշխանությունների պահվածքի նույն դրսեւորման հետ, պարզապես Ղազախստանի իշխանությունները մարսում են երկրի մայրաքաղաքն անվանափոխելը, իսկ Հայաստանի իշխանությունները՝ քաղաքացու, այլ կերպ ասած իրենց իշխանության գալու օրը:
Նազարբաեւի իշխանությունը երեք տասնամյակով է չափվում, իսկ Հայաստանի գործող իշխանություններինը՝ մի քանի ամսով: Այստեղից էլ արված քայլի մասշտաբը: Նրանք մայրաքաղաք են անվանափոխում, իսկ մենք քաղաքացու օր սահմանում այն օրը, երբ իշխանափոխություն եղավ:
Իհարկե, եթե գործող իշխանությունները հաջողացնեն կառավարել եւս 29 տարի, ապա մի օր կանվանափոխվի նաեւ Հայաստանի մայրաքաղաքը: Ոչինչ, որ 3 հազար տարի չէր անվանափոխվել, բայց երեք հազար տարի Հայաստանում լեգիտիմ կամ օրինակարգ իշխանություններ, ժողովրդի աջակցությունը վայելոց իշխանություններ չեն եղել:
Եւ երբ գտնվում են մարդիկ, որոնք իշխանություններին սթափության կոչ են անում, քննադատում իշխանափոխության օրն այս կամ այն կերպ պետական տոների շարքին դասելը, նրանք դա անում են սիրելով այս երկիրը, դա անում են սրտացավորեն, որ տասը կամ երեսուն տարի հետո չփոխվի Երեւանի, Ստեփանակերտի կամ Իջեւանի անունը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am