ԵՏՄ տարածքում հեռախոսային ռոումինգի վերացման աշխատանքներ են տարվում
ԵՏՄ տարածքում հեռախոսային ռոումինգի վերացման աշխատանքներ են տարվում։ Այս մասին «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
«ԵՏՄ-ում ռոումինգի արժեքը, այդ թվում՝ մեր ակտիվ գործողությունների շնորհիվ, արդեն մի քանի անգամ կրճատվել է։ Ուզում եմ նշել, որ այստեղ ազդում է նաեւ տարածքի չափը։ Մենք աշխատանքներ ենք տանում ԵՏՄ ամբողջ տարածքում ներկայացված կոնկրետ ընկերությունների հետ, որպեսզի այդ մոտեցումը տարածվի Միության ողջ տարածքում»,- ասել է Սարգսյանը։
Պատասխանելով ռոումինգի վերացման հնարավոր ժամկետների մասին հարցին՝ Սարգսյանը նշել է, թե առայժմ որոշակի ժամկետների մասին խոսելը վաղ է։ «Մենք պետք է ավարտենք բիզնեսի, բջջային կապի օպերատորների հետ խորհրդակցությունները։ Սակայն ինտեգրացիոն գործընթացները, անկասկած, ռոումինգի վերացումը կխթանեն»,- համոզված է Սարգսյանը։