37-ամյա թուրքին, Ուտրեխտում հրաձգության հետ կապված, ահաբեկչության մեղադրանքներ են ներկայացվել
Նիդեռլանդական Ուտրեխտում հրաձգության գործով հիմնական կասկածյալին ներկայացվել են ահաբեկչության դրդապատճառներով զանգվածային սպանության եւ ահաբեկչության սպառնալիքի մեղադրանքներ՝ հայտնում է DW-ն։
Հետաքննության կողմից հայտնաբերված հանցանշանները վկայում են, որ ծնունդով Թուրքիայից 37-ամյա Գյոկմեն Տանիսը, ում կալանավորել էին տրամվայի ուղեւորների վրա հարձակումից մի քանի ժամ հետո, միայնակ է գործել։
Տանիսը դատարանի առջեւ կկանգնի մարտի 22-ին։ Քննիչները պարզում են, թե արդյոք հրաձիգը միայն ահաբեկչակա՞ն դրդապատճառներ է ունեցել, թե՞ նրա գործողությունները կապված են եղել անձնական խնդիրների եւ արմատական գաղափարախոսության հետ։ Նախկինում հետաքննությունը բացառում էր «ընտանեկան դրամայի» վարկածը, քանի որ զոհերի եւ հրաձիգի միջեւ կապեր չեն հայտնաբերվել։ Դատական հոգեբուժության ոլորտի փորձագետները Տանիսի գործով զեկույց են պատրաստում։
Մարտի 18-ի առավոտյան ատրճանակով զինված տղամարդը 24oktoberplein կանգառի մոտակայքում կրակ էր բացել տրամվայի ուղեւորների վրա, այնուհետեւ թաքնվել էր։ Հարձակման հետեւանքով զոհվել էր 3 մարդ, 5 մարդ ծանր վիրավոր է։ Հրաձգությունից հետո Ուտրեխտի իշխանությունները հայտարարել էին ահաբեկչության առավելագույն՝ հինգերորդ մակարդակ։
Թագավորության իրավապահ մարմինները միջադեպը ահաբեկչություն էին որակել։ Ոստիկանության տվյալներով, կարմիր Renault Clio-ի սրահում, որով փորձել էր փախչել հրաձիգը, հայտնաբերվել էր նամակ, որը վկայում էր նրա գործողությունների ահաբեկչական դրդապատճառի մասին։ Բացի այդ, ավտոմեքենայի մեջ հրազեն էր եղել։