Նիկոլ Փաշինյանը փորձեց հավասարվել եւ անցնել Վլադիմիր Պուտինին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին մամուլի ասուլիսը տեւեց 3 ժամ 52 րոպե: Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը ավելի երկար էր՝ չորս ու կես ժամ: Ի դեպ, Վլադիմիր Պուտինի չորս ու կես ժամանոց ասուլիսը տեղի է ունեցել 2008-ին, երբ նա հրաժեշտ էր տալիս նախագահի պաշտոնին եւ տեղափոխվում կառավարություն:
Ռուսաստանն ունի 150 միլիոն բնակչություն, Հայաստանը՝ երկու, Ռուսաստանն ունի աշխարհում ամենամեծ տարածքը, Հայաստանը՝ ամեն դեպքում առաջին ուսունյակում էլ չէ: Եւ ամենակարեւորը. Ռուսաստանում ՌԴ նախագահին հարցեր ուղղում են աշխարհի շատ ու շատ երկրների լրագրողներ եւ տալիս հարցեր ոչ միայն Ռուսաստանի, այլ աշխարհի տարբեր անկյունների եւ տարբեր հարցերի վերաբերյալ: Հայաստանի վարչապետին օտարերկրյա լրագրողները հարցեր չեն ուղղում: Ավելին, չորս ու կես ժամվա ընթացքում այդպես էլ չտրվեցին այն հարցերը, որոնք պետք է տրվեին եւ չհնչեց այն, ինչ պետք է հնչեր վարչապետի շուրթերից:
Իհարկե, լավ է, որ պետության առաջին դեմքը պատրաստ է լսել լրագրողների հարցերին, բայց մտահոգում է, թե ինչու է ասուլիսին հատկացվում այդքան երկար ժամանակ, այն էլ այն դեպքում, երբ համառորեն չէիւն տրվում այն հարցերը, որոնք պետք է տրվեին:
Չորս ու կես ժամ եւ հնչում էին հարցեր, որոնց հեղինակները կարծես հայաստանյան իրականության հետ կապ չունեն կամ չեն տիրապետութմ իրական խնդիրներին եւ հարցերին: Չորս ու կես ժամ եւ վարչապետն ինքը չնախաձեռնեց լուրջ եւ բովանդակային քննարկում:
Մի պահ տպավորություն էր, որ այս ասուլիսը նման է այն սեմինարներին, որոնք անցկացվում են բացառապես անհրաժեշտ «թռչնիկը» ստանալու համար: Անկեղծ լինենք. մամուլը պատրաստ չէր այս ասուլիսին, բայց պատրաստ չէր նաեւ վարչապետը, բայց սա արդեն իր մեղքը չէր:
Տխուր է, երբ երկրի ղեկավարին կենցաղային բնույթի հարցեր են ուղղում, իսկ նա նույնաբովանդակ պատասխան տալիս: Այնպիսի տպավորություն էր, կարծես կալանքի տակ չէր ՀՀ երկրորդ նախագահը կամ պատերազմ հաղթած գեներալների դեմ քրգործեր հարուցված չեն:
Մի պահ թվաց, թե ասուլիսի մասնակիցների համար Արցախի հարցը, Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը երրորդային կամ չորրորդային նշանակություն ունի, իսկ Սիրիայում հայաստանյան ներկայությանը ԱՄՆ-ը չի էլ արձագանքել:
ՀՀ քաղաքացին սպասում էր, որ կհնչեին իրենց հուզող հարցերը եւ կստացվեր այդ հարցերի բովանդակային պատասխանները: Հավատացեք, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանը չի հետաքրքրում, թե Փաշինյանը այս կամ այն երկիր մեկնելիս կնոջն ու երեխաներին իր հետ տանում է, թե ոչ: Մեծ հաշվով դա իր գործն է:
Ժողովրդին հետաքրքրում էր, թե ինչպես եղավ, որ մեկ օրում Սամվել Ալեքսանյանը օլիգարխից վերածվեց օրինապաշտ գործարարի, որ մի հրաշքով կոռուպցիան արմատախիլ եղավ կամ վերջապես երբ են բարձանալու ուսուցիչների եւ զինվորականների աշխատավարձերը:
Անհասկանալի էր նաեւ, թե ինչու հենց մարտի 19-ին տեղի ունեցավ այս ասուլիսը, երբ վարչապետը ասելիք չուներ, երբ որեւէ նորություն կամ կարեւոր հայտարարություն չհնչեց: Մի՞թե նա այդքան ազատ ժամանակ ունի: Որտե՞ղ են նրա խորհրդականները, ո՞վ է նրան նման խորհուրդ տվել: Ինչո՞ւ են նման քայլերով նրա վարկանիշն ավելի արագ գլորում դեպի ցած:
Լրագրողների 90 տոկոսը եկել էր Նիկոլ Փաշինյանին մոտիկից տեսնելու կամ նրա հետ լուսանկարվելու համար, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք պետք է թելադրողները լինեին: Ասուլիս հրավիրողները պետք է լինեին օրակարգ թելադրողները, եւ պետք է առնվազն երկու կամ երեք կարեւոր հայտարարություն հնչեր, որն այդպես էլ չեղավ:
Եւ ի՞նչ իմաստ ուներ այս ասուլիսը Մատենադարանում անցկացնելը, այդպես էլ որեւէ մեկը չհասկացավ:
Վարդան Մխիթարյան
Top-News.am