ԱՄՆ-ում Վենեսուելայի երեք դիվանագիտական ներկայացուցչություն անցել է Գուայդոյի վերահսկողության տակ
Միացյալ Նահանգներում Վենեսուելայի երեք դիվանագիտական ներկայացուցչություններ անցել են այդ երկրի ժամանակավոր նախագահ հռչակված Խուան Գուայդոյի վերահսկողության տակ: Գուայդոն փորձում է վերահսկողություն հաստատել ևս չորս դիվանագիտական առաքելությունների նկատմամբ:
Վենեսուելայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ քայլերը միջազգային իրավունքի խախտում է, և կոչ է արել ԱՄՆ իշխանություններին քայլեր ձեռնարկել «ապօրինի» գործողությունների դեմ:
Վենեսուելայում բողոքի զանգվածային ակցիաները վերսկսվել են հունվարի վերջին՝ Նիկոլաս Մադուրոյի կողմից երկրի իշխանության ղեկը երկրորդ անգամ ստանձնելուց անմիջապես հետո:
Վենեսուելայի խորհրդարանը նույն ժամանակահատվածում Խուան Գուայդոյին հռչակեց երկրի ժամանակավոր նախագահ, ում աջակցություն են հայտնել ԱՄՆ-ը, Լատինական Ամերիկայի երկրների և Եվրամիության անդամ երկրների մեծամասնությունը: Մադուրոյին օրինական նախագահ են համարում Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան և Մեքսիկան: