Թուրքիայում առատ ձյան պատճառով 30 միջպետական ճանապարհ է փակվել
Թուրքիայի տարածքում ձյան առատ տեղումների պատճառով անանցանելի են դարձել բազմաթիվ միջպետական ճանապարհներ, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։
Նշվում է, որ ներկա պահին շարունակում է փակ մնալ 30 միջպետական ճանապարհ։ Հատկանշական է, որ իրավիճակը նույնն է երկրի թե՛ հյուսիս-արևելյան, թե՛ հարավ-արևելյան հատվածներում։
Մասնավորապես՝ անանցանելի են դեպի Տրապիզոնի, Էրզրումի, Էրզինջանի (պատմական Երզնկա), Արդվինի, Կարսի, Քարամանի, Մերսինի և այլ նահանգների տասնյակ շրջաններ տանող ճանապարհներ։
Մարտի սկզբին ձյան առատ տեղումների պատճառով փակվել էին Համշենի, Բինգյոլի և Վանի տարածքում գտնվող քաղաքային ու գյուղական դպրոցները։
Անցյալ տարի Էրզրումում առատ տեղումների հետևանքով մեկուսացման մեջ հայտնված գյուղերի թիվը հասել էր 400-ի։