Օդամղիչ զենքից արձակված 74 գնդակից հետո օրանգուտանը ողջ է մնացել
Ինդոնեզիայի Աչեհ շրջանում օրանգուտան են հայտնաբերել, որն օդամղիչ զենքից արձակված 74 գնդակից հետո ողջ է մնացել, գրում է The Straits Times-ը։
Երեսնամյա կենդանուն գտել են իր մեկամսական ձագի հետ՝ պլանտացիայի մոտակայքում, որտեղ էլ, ըստ երևույթին, օդամղիչ զենքից կրակոցներ են տեղացել կապիկների ուղղությամբ։
Հույս մականունը ստացած մայր օրանգուտանին հաջողվել է փրկել, մինչդեռ ձագը թերսնման հետևանքով շուտով սատկել է։
Տեղի բնապահպանության գործակալության ղեկավարի խոսքով՝ պլանտացիաների տերերն ու աշխատողները, այնտեղ հայտնված օրանգուտաններին վտանգավոր համարելով, հաճախ են դրանց նկատմամբ որս իրականացնում։ Նա հավելել է, որ դեպքի առթիվ հետաքննություն կսկսվի՝ պարզելու՝ արդյոք կապիկների դեմ հարձակումը պատահականություն է եղել։
Բնապահպանության միջազգային միության համաձայն՝ օրանգուտանները ոչնչացման վտանգի տակ են․ դրանցից ամբողջ աշխարհում ընդամենը 100 հազար ներկայացուցիչ է մնացել։